«Մեր նպատակն է Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն` չորս եղանակների համար»
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շվեյցարական մասնագիտացված կազմակերպության հետ կնքել է պայմանագիր, ըստ որի շվեյցարական կողմը կիրականացնի Ջերմուկ քաղաքի զարգացման համար նախատեսված հատակագծի նախագծման աշխատանքները: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեց նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, 2009թ.-ին ՀՀ կառավարությունն ընդունել է Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ.-ի ռազմավարությունը, որի նպատակը քաղաքը ակտիվ կենսակերպի կենտրոն դարձնելն է:
Ըստ նրա, ռազմավարությունում նշված են այն միջոցառումներն ու գործողությունները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել Ջերմուկի զարգացումը: Բացի դրանից, կառավարության որոշմամբ Ջերմուկ քաղաքն հայտարարվել է Զբոսաշրջության կենտրոն, և սահմանվել են Ջերմուկի զարգացման հայեցակարգային նպատակներն ու խնդիրները:
«Այժմ մեր խնդիրն է տալ քաղաքի զարգացման մասնագիտական ինժեներական լուծումները, իրականացնել քաղաքի գլխավոր հատակագծում անհրաժեշտ որոշակի փոփոխություններ»,- նշեց Մ.Ապրեսյանը:
Նրա խոսքերով, շվեյցարական մասնագիտացված կազմակերպությունն արդեն մշակել է ռազմավարությունից բխող ինժեներական լուծումները, ինչպես նաև Ջերմուկի վիզուալ պատկերը: Սրանց կհաջորդեն ներդրումային ծրագրերի իրականացման և մշակման աշխատանքները: Ի դեպ, հոկտեմբերի 15-ին Ջերմուկում գործարարներին, բիզնեսմեններին կներկայացվեն շվեյցարացիների կողմից իրականացված աշխատանքները:
«Այս աշխատանքների ավարտից հետո կսկսվի ներդրումային փուլը»,- ասաց Մ.Ապրեսյանը:
Ըստ նրա, Ջերմուկի զարգացման հայեցակարգը Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված կարևոր ծրագրերից է:
«Մեր նպատակն է Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն` չորս եղանակների համար: Ջերմուկի զարգացման ռազմավարական նպատակներից մեկն է քաղաքը դարձնել առողջարանային կենտրոն»,- ընդգծեց վարչության պետը` հավելելով, որ էկոնոմիկայի նախարարությունը կապեր է հաստատել Եվրոպական առողջարանների ասոցիացիայի հետ և նրանց հետ այժմ համագործակ
ցության ծրագրեր են մշակվում: