«Երբ կինը սիրում է հային, հայը սիրում է իր մամային». Հոգեբանները բացատրում են ամուսնալուծությունների պատճառները
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Ոսկանյանը, ով նաև ընտանեկան թերապևտ է ու զբաղվում է ամուսնացած ու ամուսնալուծված զույգերի խնդիրներով, այսօրվա ասուլիսում մի անեկդոտ հիշեց. «Երբ կինը սիրում է ամերիկացուն, ամերիկացին սիրում է փողը, երբ կինը սիրում է ֆրանսիացուն, ֆրանսիացին սիրում է սեքսը, երբ կինը սիրում է հային, հայը սիրում է իր մամային»: Հոգեբանն այս անեկդոտը հիշեց հաշվի առնելով հայաստանյան իրականությանը հատուկ այն հանգամանքը, որ հայ զուգերն ամուսնանում են ու չեն ցանկանում բաժանվել իրենց ծնողներից:
Ասուլիսին ներկա մյուս հոգեբան Մարիամ Մեհրաբյանի խոսքով, ամուսնու նոր ընտանիքին ադապտացվելու այդ շրջանը կնոջ համար ճգնաժամային է, երբ «տան մեջ նրա համար անծանոթ է նույնիսկ կահույքը»: «Եթե ադապտացման այդ շրջանը բարեհաջող չանցավ, դա կարող է ամուսնալուծության պատճառ հանդիսանալ: Ցավոք, մեզ մոտ ամուսինները մինչև 40 տարեկանն ուզում են ապրել իրենց մայրիկների կողքին», -հավելեց հոգեբան Մեհրաբյանը:
Վերջինի խոսքով, անցումային շրջանում, 90-ական թվականներից սկսած, ամուսնալուծությունների քանակը զգալիորեն աճել է, ինչը նաև պայմանավորված է արտագաղթի բարձր տեմպերով:
Աննա Ոսկանյանի համար տարօրինակ է` ինչո՞ւ են հայերն այդքան ծանր տանում ամուսնալուծությունները: «Այն, ինչը մարդու իրավունքների շրջանակներում է, անհանգստացնող չի կարող լինել, -նկատեց հոգեբանը և անմիջապես էլ հավելեց, -այլ հարց է, որ այդ երևույթը վատ է մեր հայկական ավանդական տեսանկյունից: Եվրոպական երկրներում ավելի շատ է ամուսնալուծությունների թիվը, այնտեղ նույնիսկ երրորդական ամուսնությունների թիվն է բարձր»:
Հաշվարկային, վաղ հասակում, ինչպես նաև մայրիկի հորդորով ու միջնորդությամբ տեղի ունեցած ամուսնությունները, հոգեբանի խոսքով, վաղ թե ուշ ողբերգական ավարտ կարող են ունենալ հայ ընտանիքների համար: «Զույգերին իսկապես պետք է սերը միացնի, կապող օղակը պետք է սերը լինի, որը ցավոք, մեր հասարակությունում հազվադեպ է պատահում», -նկատեց հոգեբան Ոսկանյանը:
Հոգեբանները միակարծիք են այն հարցի շուրջ, որ եթե նախկինում կինը ամուսնական կյանքի ընթացքում դիմանում էր ամուսնական կյանքի դժվարություններին` հանուն իր երեխայի, այժմ ժամանակները փոխվել են, կնոջ սոցիալական դիրքը բարձրացել է և ինքը վստահ է, որ ամուսնուց բաժանվելով կյանքը չի ավարտվում:
Ամուսնալուծությունների կանխարգելումը, հոգեբան Մեհրաբյանի խոսքով, հնարավոր է մինչև ամուսնանալը: «Երբ զույգերը, մինչև ամուսնանալը, դիմեն մասնագետին ու հասկանան` արդյոք իրենց պետք է ամուսնանալ, արդյոք իրենք ցանկանում են ու պատրաստ են մինչև կյանքի վերջ ապրել միասին, այդ դեպքում է միայն հնարավոր խուսափել ամուսնալուծություններից», -նշեց Մարիամ Մեհրաբյանը: