«Մենք ոչինչ չունենք բանակից ավելի թանկ: Մեր հասարակության թևն ու թիկունքը մեր բանակն է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի անդամ, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ներկայացրեց իր հեղինակած «Հիշի’ր, քեզ սպասում են» զինվորի գրպանի գրքույկը:
Նա նշեց, որ այն անվճար տրամադրվելու է Զինված ուժերում ծառայող բոլոր զինվորներին: Նրա խոսքով, այս գրքույկի ստեղծմանն աջակցել են նաև Հայոց բանակի զորացրված զինվորները, որոնք այս նախաձեռնությամբ իրենց երախտապարտություն են հայտնում մեր հայկական բանակին:
«Միակ որդուս կորուստից հետո ես իմ մեջ ուժ գտա և կամավոր զինվոր դարձա Հայոց բանակում: Ես արդեն շուրջ 14 տարի Հայոց բանակում կամավոր զինվոր եմ և ամեն հարցով աշխատում եմ աջակցել Հայոց բանակին: Ես այցելություններ եմ կատարում բոլոր զորամասեր, ծանոթանում են տեղի խնդիրներին և առկա խնդիրները ներկայացնում եմ ՀՀ պաշտպանության նախարարին»,- ասաց նա:
Նրա խոսքով, վերոնշյալ գրքույկում գրված են նաև «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի հեռախոսահամարները, որպեզի հայ զինվորը բանակում որևէ խնդիր ունենալու դեպքում կարողանա տեղյակ պահել համակարգող խորհրդին:
«Մենք ոչինչ չունենք բանակից ավելի թանկ: Մեր հասարակության թևն ու թիկունքը մեր բանակն է: Դրա համար ես կոչ եմ անում մեր հայ մայրերին, զորակոչի ժամանակ եթե առաջանում են խնդիրներ, ապա անխտիր դիմեն «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդին, որտեղ նրանց ցանկացած հարցով կաջակցեն»,-ասաց Մ. Խաչատրյանը:
Բանախոսն անդրադառնալով բանակի բարոյահոգեբանական մթնոլորտին, նշեց, որ բանակում կատարվել է մեծ փոփոխություն: «Եթե մենք համեմատենք, ապա 2000 թվականից սկսած բանակում սպանությունների թիվը նվազել է, բանակում այս տարի գրանցվող դեպքերի մեծ մասը դժբախտ պատահարների արդյունք է, դժբախտ դեպքերի թիվն է շատացել»,- ասաց նա: