Շարունակվում է երկրի ղեկավարի այցը Սյունիք
Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, երկրի ղեկավարը մասնակցել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի և կից գործող թիվ 3301 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությանը: Նախագահ Սարգսյանը շրջել է «Հայփոստի» նորաբաց շենքում, ծանոթացել բաժանմունքի ապագա գործունեության ծրագրերի հետ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Կոնվերսբանկի» վարչության նախագահ Տիգրան Դավթյանը, սա «Հայփոստի» առաջին մասնաճյուղն է Հայաստանի հարավային շրջաններում և վերաբացված փոստային բաժանմունքի հետ միասին այն հնարավորություն կտա Կապանի բնակիչներին հարմարավետ կերպով բանակային գործարքներ իրականացնել:
Նա տեղեկացրեց նաև, որ մոտակա 5 տարվա ընթացքում հիմնովին կվերանորոգվեն Հայաստանում 250 փոստային բաժանմունքներ, իսկ մինչև այս տարվա վերջը կվերաբացվի ևս 35 բաժանմունք` Դիլիջան, Գյումրի, Իջևան և Ծաղկաձոր քաղաքներում:
Նշենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն և «Հայփոստ թրաստ մենեջմենթ»-ը սկսել են ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլ, որն ուղղված է մարզերի ենթակառուցվածքների զարգացմանը:
Իսկ մինչ այդ երկրի ղեկավարը մասնակցել է Կապանում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության մարզային սոցիալական ծրագրի շրջանակներում այդ քաղաքում երիտասարդ ընտանիքների համար բազմաբնակարան շենքի հիմնարկեքին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը, ծրագիրը միտված է խթանելու կառավարության կողմից որդեգրված մարզերի համաչափ զարգացման հայեցակարգը:
Ըստ փոխնախարարի, Կապանում կառուցվող բազմաբնակարան շենքը նոր քաղաքի զարգացման համար կարևոր նշանակություն կունենա:
Նշենք, որ բնակելի համալիրը բաղկացած է լինելու 3 մասնաշենքերից և ունենալու է 335 բնակարան: Նախատեսվում է, որ շենքի շինարարությունը կավարտվի 2012թ.-ի նոյեմբերին: Բնակելի համալիրի ամբողջ արժեքը կազմում է 7.6 մլրդ դրամ:
Երիտասարդներին բնակարանները տրվելու են համաձայն «Աջակություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինության»-ը ծրագրով սահմանված հիպոթեկային դրույթների. մինչև 35 տարեկան երիտասարդ բնակիչներին կամ այն երիտասարդ ընտանիքներին, որտեղ ամուսինների տարիքային հանրագումարը չի գերազանցում 70 տարին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան