Լույս է տեսել «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում» գիրքը
Այսօր տեղի ունեցավ քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանի «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակ Վ. Սողոմոնյանը նշեց, որ գրքում եվրոպացի հեղինակավոր գիտնականներն առաջին անգամ մանրամասնորեն և համակողմանիորեն հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ճանաչման իրավունքը` միջազգային իրավունքի, քաղաքագիտության, անվտանգության, պատմության և իրավա-փիլիսոփայության տեսանկյուններից։ Գրքում տեղ են գտել Համբուրգի, Վիեննայի, Բեռլինի, Երևանի և այլ քաղաքների 9 գիտնականների տեսակետները:
Գրքի հեղինակը նշեց, որ գիրքը երկար տարիների աշխատանքի արդյունք է: Այն լույս է տեսել Եվրամիության առանցքային երկրներից մեկում՝ Գերմանիայում, գրքի հեղինակի ֆինանսական միջոցներով: «Այն կարող է էական դեր կատարել դիվանագետների համար, և Եվրոպայում Արցախի հարցի շուրջ հասարակական կարծիքի ձևավորման համար»,- ասաց Վ. Սողոմոնյանը: Ըստ նրա, Արցախն ավելի ակտիվ և ինքնուրույն պետք է ներկայացնի իր ճանաչման ձգտումը իր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
Ըստ բանախոսի, հատկապես նշանակալի է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Լուխտերհանդտի աշխատանքը, որում նա առավել խորը վերլուծություն է կատարել` մեկ առ մեկ քննարկելով և հերքելով ինքնորոշման դեմ մինչ օրս հրապարակված բոլոր փաստարկները:
«Գրքում զետեղված բոլոր հոդվածների ընհանուր եզրակացությունն այն է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է կիրառվի ամենաուժեղ ձևով: Արցախի հարցի լուծման բանալին գտնվում է հենց Արցախում: Արցախում դեմոկրատիայի ամրապնդումը կնշանակի, որ մենք օր առաջ կունենանք ճանաչված Արցախ»,- հավելեց նա: Նրա խոսքով, այն անհավասարակշռությունը, որ կա քարոզչական դաշտում, նման աշխատանքները պարզապես անհրաժեշտություն են: «Այս գիրքը կարևոր է, քանի որ ներկայացված են օտարազգի գիտնականների տեսակետները, դրա համար այն փաստարկների շտեմարան է, որը դիվանագետների համար կարող է օգտակար լինել»,- ասաց Վ. Սողոմոնյանը:
Գիրքը գերմաներեն լեզվով է, սակայն առաջիկայում այն կթարգմանվի հայերեն, անգլերեն և ռուսերեն: Գրքի շապիկին ներկայացված է անկախ Արցախի դրոշն իր բոլոր սիմվոլներով: «Գիրքը քանի որ լույս է տեսել Գերմանիայում, դրա համար այն ստանալու են գերմանախոս երկրների գրեթե բոլոր համալսարաները և գիտական հաստատությունները»,- ասաց Վ. Սողոմոնյանը:
Նա նաև հայտնեց, որ նոյեմբերին տեղի կունենա այս գրքի շնորհանդեսը Բեռլինի Եվրոպական ակադեմիայում քաղաքագիտական շրջանակների մասնակցությամբ: Իսկ հոկտեմբերի 6-ից 10-ը գիրքը հատուկ շնորհանդեսով ներկայացվել է Ֆրանկֆուրտի համաշխարհային գրքի ցուցահանդեսի Երկխոսություն ֆորումում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան