Ադրբեջաներենը Հայաստանի հիմնական լեզուն չէ, հայերն էլ իսլամ չեն դավանում. պահանջելու են հերքել տպագրված սխալը
Երևանյան մի քանի գրախանութներում հայտնված ռուսալեզու Большая иллюстрированная энциклопедия географии հանրագիտարանում Հայաստանի մասին տեղեկությունների մեջ սխալներ են եղել։ Այսպիսի սխալներ են թույլ տվել ռուսական ու բրիտանական խոշոր ու հայտնի` «Իզդատելսկայա գրուպա ատտիկուս» և «Kingfisher Publications» հրատարակչությունները: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց նախաձեռնող, «Անկախ» շաբաթաթերթի խմբագիր Վարդուհի Իշխանյանը:
Ասուլիսին ներկա «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը նկատեց, որ հանրագիտարանում «ապշեցուցիչ» սխալներ են տեղ գտել; Այսպես` նշվում է, թե Հայաստանի հիմնական լեզուն բացի հայերենից նաև ադրբեջաներենն է, և որ հայերը իսլամ են դավանում։ Բացի դրանից, գրքում նշվել է, թե 1988–1989թթ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում։ Այսպիսի կեղծ տեղեկություններով հանրագիտարանը լրագրողը մի քանի գրախանութներում գտել է սեպտեմբերին: Նա նշեց, որ հանրագիտարանը ռուսերեն թարգմանվել է անգլերենից` բրիտանական բնագրից, իսկ ռուսերենով հանրագիտարանի տարբերակը լույս է տեսել անցյալ տարի, ի դեպ` 15 հազար օրինակով:
Խմբագիրն էլ իր հերթին նկատեց, որ երեկ իրենք նամակներ են հղել ռուսական, բրիտանական հրատարակչություններ ու հայկական տարբեր գերատեսչությունների. «Մասնավորապես, կրթության և գիտության նախարարությանը, արդարադատության նախարարությանն, Ազգային անվտանգության ծառայությանը, նախագահականին»։
Գերատեսչությունները, ըստ բանախոսների, խոստացել են, որ կօգնեն այս հարցում: Նրանք նկատել են, թե այս հարցը հասարակական հիմուքններով պետք է լուծում գտնի:
Վերջում Վ. Իշխանյանը նկատեց, որ այս հարցում իրենք հետևողական են լինելու ու հրատարակչություններից պահանջելու են հերքել տպագրած սխալը: Եթե ոչ, ապա նրանք պատրաստ են դիմել մինչև միջազգային դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան