Է.Շարմազանով. «Պետք չէ շրջադարձային զարգացումներ ակնկալել նախագահների հանդիպումից»
Հոկտեմբերի 27-ին Աստրախանում կկայանա հերթական` Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը, որը հերթական անգամ նախաձեռնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս եռակողմ հանդիպումից և արդյո՞ք այն շրջադարձային հետևանքներ կարող է ունենալ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի կոնտեքստում:
Արձագանքելով Panorama.am-ի հարցադրմանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, թե չի կարծում, որ պետք է որևէ շրջադարձային զարգացումներ ակնկալել նախագահների հանդիպումից, սակայն միևնույն ժամանակ, նրա խոսքով, նման հանդիպումների ֆորմատը ցույց է տալիս, թե որքան է կարևորվում հակամարտության խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա նաև ավելացրեց, որ նման ֆորմատներում հանդիպումները վկայություն են, որ բանակցությունները փակուղում չեն:
Ընդգծելով Ռուսաստանի, իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի դերը, Է.Շարմազանովը նկատեց. «Ադրբեջանի հայտարարությունները չեն նպաստում բանակցային գործընթացի խաղաղ կարգավորմանը, սակայն ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հրավիրված այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանը, կարծում եմ, հերթական անգամ կգիտակցի, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված, բացառում է խնդրի ռազմական լուծումը և որ Հայաստանը հետ չի կարող կանգնել իր նպատակներից»:
Նրա խոսքով, դրանք հետևյալն են` լուծել հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գտնում են, որ խաղաղության համար անհրաժեշտ է լուծել խնդրի պատճառները:
«Ալիևը վերջապես պետք է գիտակցի, որ պետք է բանակցել, ոչ թե իմիտացիա անել և փորձեր ձեռնարկել, որպեսզի բանակցությունները մտնեն փակուղի»,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպման մասին լուրը քիչ առաջ տարածել է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը