Ադրբեջանը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության շրջանակում է
Թուրքիայի ոստիկանության` «Ալ Քաիդա» միջազգային կազմակերպության դեմ այդ երկրի տարածքում անցկացրած օպերատիվ գործողությունների արդյունքում կազմակերպությանը փող փոխանցելու մեջ մեղադրվող 5 անդամներ ձերբակալվել են: Նրանց առաջնորդ, Թուրքիայի «Սեպտեմբերի 9» համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող 23-ամյա Աբդուլքադիր Ք-ն իրավապահներին հայտնել է, որ զբաղվել է Թուրքիայի Էգեյան ծովի տարածաշրջանում «Ալ Քաիդայի» կողմնակիցներից փողի հավաքագրումով, որը կազմակերպության արտասահմանում գտնվող բջիջներին է փոխանցել Ադրբեջանի և Իրանի միջոցով:
«Ենի Մուսավաթը» պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
Կայսերիում Աբդուլքադիր Ք-ի ձերբակալության ժամանակ նրա տանը հայտնաբերվել են ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ, ինչպես նաև Աֆղանստանում ԱՄՆ-ի անօդաչու հետախուզական ինքնաթիռներին հարվածներ հասցնելու հրթիռային համակարգերն ու էլեկտրոնային ազդանշանները շարքից հանող սարքավորումներ պատրաստելու ծրագրեր:
Հարցաքննության ժամանակ Աբդուլքադիր Ք-ն խոստովանել է, որ փողերը հավաքել է Աֆղանստանում գործող մոջահեդներին ուղարկելու համար: Նրա տանը հայտնաբերված CD-ներից մեկում բացահայտվել է Աֆղանստանում թուրքերից կազմված խմբավորումներից մեկի պարագլուխ «Աբու Զառ» մականունով Սարդար ալ Բաշանի տեսանկարը: Ոստիկանությունը ենթադրում է, որ ձերբակալվածները կարևոր դերակատարութուն են ունեցել «Ալ Քաիդայի» տարրերին փող փոխանցելու գործում:
«Վերջին շրջանում հատուկ ծառայություններն Ադրբեջանում «Ալ Քաիդայի» գործունեության դեմ մի շարք գործողություններ են իրականացրել: Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը գտնվում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության շրջանակում: Թուրքիայում ի հայտ եկած այդ փաստը ցույց է տալիս, որ Ադրբեջանում առկա են ահաբեկչական բջիջներին փող փոխանցելու բազմաթիվ ուղիներ: Ինչպես երևում է` շուտով հայտնի կդառնա, որ Աբդուլքադիր Ք-ի և այլոց ադրբեջանական կապերը բացահայտելու համար Թուրքիայի իրավապահ մարմինները համագործակցություն են սկսել ադրբեջանական կողմի հետ»,- եզրահանգել է «Ենի Մուսավաթը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը