Դ. Տոնոյան. Հայաստանն Ադրբեջանին կպատասխանի ասիմետրիկ քայլերով
«Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանը Հայաստանը պատասխանում է «ասիմետրիկ քայլերով», որոնք համեմատաբար քիչ ծախսատար են, բայց` արդյունավետ»,- անդրադառնալով Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացմանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
«Ընդհանրապես ասիմետրիկությունը ռազմական արվեստում ենթադրում է հակառակորդին փոքր ուժերով, փոքր կարողություններով անընդունելի վնաս հասցնելը: Մենք զարգացնում ենք ռազմավարական զսպման համակարգը և դրանով իսկ Բաքվին պարտադրում ենք խաղաղություն», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Տոնոյանը նաև նշել է, թե Հայաստանի հետ բնակչությամբ ու տարածքով համեմատելի մի շարք եվրոպական երկրների ռազմական ծախսերը նույնպես մի քանի անգամ գերազանցում են հայկականը, սակայն դա ամենևին չի նշանակում, թե այդ պետությունների ռազմական կարողություններն առավել են:
«Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը չի նշանակում զինված ուժերի մարտունակության բարձրացում», - հավելել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ