ԵԽ պատգամավորին ցնցել է այն, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդ կա և որ այնտեղ գործում են ժողովրդավարական ինստիտուտներ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին և Դամիեն Աբադին: Հիշեցնենք, որ նախօրեին նրանք այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ: ԱԺ լրատվական ծառայությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եվրոպական և միջազգային կառույցներում զգացվում է Հայաստանի և ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության պակաս և այս առումով նման այցերն էլ ավելի կարևոր են դառնում, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում անմիջականորեն ծանոթանալ իրականությանը, ընթացող զարգացումներին, ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն, ինչը կնպաստի անկողմնակալ մոտեցում դրսևորելուն:
Հովիկ Աբրահամյանը շեշտել է , որ Եվրոպական ուղղությունը և Եվրամիության հետ մերձեցումը մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը և կարգավորման գործընթացը:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` հիմնված ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը խիստ մտահոգիչ է համարել այն փաստը, որ Ադրբեջանի կողմից հաճախակի խախտվում է զինադադարը, ինչը մարդկային զոհերի պատճառ է դառնում և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը: Նա ցավով արձանագրել է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին:
Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին և Դամիեն Աբադը շեշտե; են, որ իրենց համար չափազանց կարևոր էր այցը Հայաստան և ԼՂՀ, քանի որ անմիջական պատկերացում ստացան տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ:
Նրանք անընդունելի են համարել Հայաստանին` տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու փորձերը, ինչը խոչնդոտում է տարածաշրջանային համապարփակ զարգացմանը, ինչպես նաև կարևորել են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Տպավորված լինելով Լեռնային Ղարաբաղ իրենց այցելությունից` պարոն Աբադը ասել է. «Ինձ ցնցեց, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդ կա, որ այնտեղ գործում են պետական կառույցներ և ժողովրդավարական ինստիտուտներ»:
Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով արցախյան հիմնախնդրին առավել մոտիկից ծանոթանալու համար կարևոր են նման այցերը, քանի որ Եվրախորհրդարանի պատգամավորներից շատերը լավ պատկերացում չունեն Կովկասյան տարածաշրջանի խնդիրների մասին: Այս առումով նրանք ցանկալի են համարել ԼՂՀ ԱԺ նախագահի այցը Եվրախորհրդարան:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը