Եվրոպական կանաչների միության անդամ. Դժվար է ասել, թե ինչ լուծում կստանա ղարաբաղյան հակամարտությունը
Նախօրեին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական կարճատև այցով ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Դամիեն Աբադին և Եվրոպական կանաչների միության անդամ Միշել Ռիվազին ու նրանց ուղեկցող անձանց` Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանին և եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայտին:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրերին, Աշոտ Ղուլյանը եվրոպացի պատգամավորներին հակիրճ ներկայացրել է Արցախում անկախ պետականաշինության ուղին, նշելով, որ այն հետևողականորեն և անշեղ իրականացվում է ժողովրդավարության համընդունելի սկզբունքների ու նորմերի հիմքով: Միևնույն ժամանակ, նա տարակուսանք է հայտնել, որ ամեն անգամ եվրոպական կառույցները որոշակի դժկամությամբ են արձագանքում Արցախում անցկացվող նախագահական, խորհրդարանական կամ թե տեղական ինքնակառավարման մարմինների յուրաքանչյուր ընտրության փաստին: «Այդ դեպքում ակամա հարց է ծագում` ի՞նչ է ուզում Եվրոպան` որպեսզի Լեռնային Ղարաբաղում իշխանություն չձևավորվի՞, մանավանդ` ընտրովի իշխանություն»,- ասել է նա: Ի լրումն խոսքի` խորհրդարանի նախագահը հիշեցրել է Եվրախորհրդարանի դեռևս 1989թ. դրական դիրքորոշումը ղարաբաղյան շարժման հարցում, երբ իր ընդունած որոշման մեջ այն որակել էր որպես միանգամայն ժողովրդավարական:
«Անձամբ մեզ համար դժվար է ասել, թե ինչ լուծում կստանա ղարաբաղյան հակամարտությունը: Կարծում եմ, հնարավոր է այսօր իսկ փոխադարձ շփման եզրեր հաստատել եվրոպական կառույցների և Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների միջև` իրականացնելով տարբեր ծրագրեր, մանավանդ, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրների լուծման ասպարեզում»,- նշել է Միշել Ռիվազին:
Այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը` զրույցի մասնակիցներն ուրվագծել են համագործակցության հաստատման ուղիներն ու միջոցները, մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի և հնարավոր զարգացումների շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավորական խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը («Հայրենիք»), Ժաննա Գալստյանը («Ժողովրդավարություն») և Արմեն Սարգսյանը («Դաշնակցություն»), ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը և Արա Բաբլոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան