Թուրք երիտասարդները հույս ունեին սուրճ խմել ՀՀ արտգործնախարարությունում, բայց…չի ստացվում
«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը ժամանելով Երևան մեծ հույսեր է ունեցել, որ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնյաները կհանդիպեն իրենց հետ ու կխոսեն հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Սակայն, ինչպես այսօր Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց Բեքլևիչը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյաների երեկ արած հայտարարությունները կոտրել են թուրք քաղաքական գործչի սիրտը:
«Մեզ մոտ, Թուրքիայում, ասում են, որ 1 բաժակ սուրճը 40 տարվա հիշողություն ունի: Երբ այստեղ եկանք, կուզենայինք, որ Հայաստանի արտգործնախարարությունում մեզ սուրճ հյուրասիրեին, բայց մեր սիրտը կոտրվեց», -հավելեց Բեքլևիչը` նշելով, որ իրենց այստեղ ուղարկել է ոչ թե թուրքական կառավարությունը, այլ երկու երկրների հասարակությունների պահանջը հայ-թուրքական սահմանը բացելու մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը հայտարարել էր, թե «Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը և իրագործմանը»:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էր Panorama.am-ին հայտարարել, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում չի ունենալու Երևան ժամանակ թուրք քաղաքական գործիչների հետ:
Բեքլևիչի ղեկավարած «Հզոր Թուրքիա» կուսակցությունը ստեղծվել է 2006-ին ու նրա խոսքով, վայելու է թուրք հասարակության ընդամենը 4 տոկոսի համակրանքը: Երկրի 35 վարչական շրջաններում ունեն կուսակցության շրջանային կառույցներ: Այդ կուսակցության անդամները մեծավ մասամբ երիտասարդներ են: «Մենք ազգային կուսակցություն ենք ու Թուրքիայից պահանջում ենք ժողովրդավարություն ու ազատություն», -իր կուսակցությունը ընդհանուր գծերով ներկայացրեց Բեքլևիչը:
Նա և նույն կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքը իրենց հետ Երևան են բերել հայ-թուրքական սահմանի բացման ու երկու հասարկությունների միջև երկխոսություն սկսելու մասին գործողությունների 31 կետից բաղկացած պլան: Հենց այդ պլանն էլ նրանք մտադիր էին քննարկել Հայաստանի բարձրագույն իշխանությունների հետ:
Հարցին, թե ումից են պահանջում բացել հայ-թուրքական սահմանը, երբ հենց Թուրքիան ոչ մի գործնական քայլ չարեց այդ ուղղությամբ, Բեքլևիչը հստակ չպատասխանեց, այլ ուղղակի ասաց. «Առաջին հերթին մենք առաջարկում ենք քննարկել մեր գործողությունների պլանը: Եթե մեր այցի ընթացքում մենք կարողանանք հանդիպել Հայաստանի արտգործնախարարության որևէ պաշտոնյայի հետ, լսել նրանց ու նրանց տեսակետները փոխանցել Թուրքիայի իշխանություններին»:
Նա նաև ասաց, որ մինչև շաբաթ առավոտ այստեղ են, Երևանում, և հույս ունեն, որ ՀՀ ԱԳՆ-ում կընդունեն իրենց:
Հարցին, թե չեն վախենում արդյոք, որ Թուրքիայում այս նախաձեռնությունից հետո հալածանքների կենթարկվեն, Բեքլևիչն ասաց, որ սա առաջին անգամը չէ, երբ համարձակ նախաձեռնությամբ են հանդես գալիս: «Ինչ ուզում են, ասեն, սհայ-թուրքական ահմանը բացել ենք տալուու վստահ ենք, որ 2011-ին այն բացվելու է», -հավելեց թուրք քաղաքական գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը