Վ.Հովհաննիսյան. «Վերջապես ԵԽ պատգամավորները հասկացան, թե ինչ էին անում հայերն Ադրբեջանում և ուր պետք է փախչեին ջարդերից»
Ինչպես Panorama.am-ն արդեն տեղեկացրել էր, երեկ Արցախ էին այցելել ԵԽ պատգամավորները. նրանց է ընդունել թե’ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, թե ԼՂՀ ԱԺ նախագահն ու խմբակցությունների ղեկավարները և այլն: Իսկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, որը ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի հետ եվրոպացի գործընկերներին ուղեկցել էր Արցախ, ներկայացրեց այցի մանրամասները:
«ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հանձնախմբի ջանքերով ԵԽ պատգամավորներն այցելեցին Հայաստան և Արցախ, իսկ հայտնի է, որ ազգային խորհրդարանների պատգամավորներին համեմատաբար ավելի հեշտ է Արցախ ու այդ հանրապետության պաշտոնյաների հետ հանդիպումների տանել և որ ԵԽ պատգամավորները մինչև վերջին ժամանակներն աշխատում էին զերծ մնալ ու ավելի չեզոք դիրքերից հանդես գալ»,- տեղեկացրեց Վ.Հովհաննիսյանը:
Միաժամանակ գնահատելով, որ որոշ դեպքերում չեզոք դիրքը լավ բան է, այդուհանդերձ պատգամավորն ընդգծեց, որ այցը շատ կարևոր էր ու շատ ճանաչողական կոնկրետ եվրոպացի գործընկերների համար, քանի որ բացի պաշտոնական մասից, հաջողվեց հանդիպումներ կազմակերպել նաև քաղաքացիական սեկտորի հետ ու հատկապես փախստականների կազմակերպությունների ղեկավարների հետ:
«Վերջապես ԵԽ պատգամավորները հասկացան, թե ի՞նչ էին անում հայերն Ադրբեջանի խորքի քաղաքներում և որտեղի՞ց էին այդտեղ եկել: Իսկ այս դեպքում ո՞ւր պետք է հայերը փախնեին Սումգայիթի, Բաքվի ջարդերի ժամանակ, եթե ոչ հայրենիք»,- հետաքրքրվեց ՀՅԴ-ականը, հիշեցնելով, որ հայերն Ադրբեջան էին տեղափոխվել պատմական հողերից` Արցախից, Ուտիքից և այլն, և որ այդ տարածքները պատմական Հայաստանն են:
Կարևորն այն է, որ ԵԽ պատգամավորներին ներկայացվեց ողջ ճշմարտությունը, թե ինչո՞ւ են հայերը վերադարձել պատմական հայրենիք, որն էլ Ադրբեջանն այսօր հայտարարում է «օկուպացված» տարածքներ:
Վերջում Վ.Հովհաննիսյանն ավելացրեց, որ նման ճանաչողական այցերով, ինչպես նաև ճշմարտության բացահայտմամբ ՀՅԴ-ն, մասնավորապես, ձգտում է հայ փախստականներին ընդգրկել միջազգային հումանիտար ծրագրերում: