Բեքլևիչը մտադիր է նոյեմբերին այցելել Հայաստան այլ կուսակցությունների երիտթևերի ղեկավարների հետ
«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը, որին առաջարկվել էր իր պատվիրակությունով հանդերձ լքել Հայաստանի տարածքը, վերադառնալով Թուրքիա «Hill Otel» հյուրանոցում հրավիրել է մամուլի ասուլիս և պարզաբանումներ տվել: Այս մասին տեղեկացնող թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը հայտնում է, որ Բեքլևիչը հայտարարել է, որ իրենք հետ չեն կանգնելու իրենց խաղաղասիրական նպատակներից և շարունակելու են պայքարել Իգդիրում Ալիջանի հայ-թուրքական սահմանադռան բացման համար:
Թուրք կուսակցապետը նշել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ուժերի գործողություններից իրենք բնավ չեն վախեցել: Նա հայտնել է նաև նոյեմբերի վերջին «Արդարություն և զարգացում», «Ժողովրդահանրապետական» և «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունների երիտթևերի ղեկավարների հետ Հայաստան մեկնելու մտադրությունների մասին:
«Հայաստանի խորհրդարանական չորս կուսակցությունների ներկայացուցիչներ ողջունել են մեր հաշտեցման ծրագրերը: Բայց Հայաստանում կա նաև խաղաղասիրական այդ գործունեությանը խոչընդոտել ցանկացող ուժ: Երկու երկրներն էլ այս խնդիրը միասին հաղթահարելու անհրաժեշտություն ունեն»,- ասել է Բեքլևիչը` հավելելով, որ իրենց նպատակը 2011-ին հայ-թուրքական սահմանի բացումը տեսնելն է: Ըստ նրա` տարածաշրջանի միակ հարցը հայ-թուրքական փակ սահմանն է:
Հիշեցնենք, որ երևանյան ասուլիսից հետո Բեքլևիչին ու իր օգնականներին հրավիրել էին ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական սահմանը հատելու մասին: