«Forex club» ընկերությունների խմբի վերլուծաբան. Տարեվերջին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 3,7 տոկոս
Տարեվերջին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 3,7 տոկոս, կարծում է «Forex club» ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա ասաց, որ ճգնաժամից հետո թեև Հայաստանի տնտեսությունը վերելք է ապրում, բայց աճի բարձր ցուցանիշներ չի ապահովում մի քանի պատճառով` գյուղատնտեսության ոլորոտի անկում, արտաքին պարտքի մեծ ծավալ և բարձր գնաճ։ Ըստ նրա, Հայաստանի տնտեսության վերականգնմանը նպասում է երեք ոլորտ` արդյունաբերություն (10,96 տոկոս աճ), տրանսպորտ և կապ (18,7 տոկոս աճ) և առևտուր (8,6 տոկոս աճ):
Նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 15,1 տոկոսանոց անկման հիմնական պատճառը, վերլուծաբանի խոսքով, շինարարության (42,3 տոկոս) և առևտրի (4 տոկոս) ոլորտներում արձանագրված անկումն է եղել։ Այս ոլորտների ցուցանիշների նվազումը հիմնականում պայմանավորված է եղել վարկային ռեսուրսների բացակայությամբ։ Հայաստանի տնտեսությունը մեծ վնասներ է կրել նաև դրամի արժեզրկման, մասնավոր տրանսֆերտների, արտահանման ծավալների նվազման պատճառով:
«ForexClub» ընկերությունների խմբի վերլուծական բաժնի ղեկավար Անդրեյ Դիրգինն էլ նշեց, որ Հայաստանի տնտեսությունը բավականին դինամիկ է դուրս գալիս ճգնաժամից, բայց շատ բան կախված է նրանից, թե ինչքան է Հայաստանը բաց աշխարհի համար։ Նա կարծում է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը կնպաստի տնտեսության զարգացմանը։ Վերլուծաբանի դիտարկմամբ, Հայաստան-Թուրքիա տրանսպորտային բեռնափոխադրումների իրականացումը հնարավորություն կտա նաև թուլացնել տրանսպորտային կախվածությունը Վրաստանից, ինչն էլ կբերի Հայաստանում ապրանքների գների նվազմանը:
Ի դեպ, Ա. Դիրգինը նկատեց, որ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ Հայաստանն ավելի հեշտությամբ է հաղթահարում ճգնաժամը: