Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «ArmNet Awards» համահայկական ինտերնետային մրցույթը
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «ArmNet Awards» համահայկական ինտերնետային մրցույթը, որի նպատակն է նպաստել ինտերնետային տեխնոլոգիաների զարգացմանը: Ինչպես այսօր մրցանակաբաշխության մեկնարկին նշեց SP marketing Solutions ընկերության տնօրեն Հայկուհի Տակսիլդարյանը, մրցանակաբաշխության կարևոր առաքելություններից մեկը վեբ-տեխնոլոգիաների զարգացումն է, ոլորտի մոնետիզացման համար նպաստավոր պայմնանների ստեղծումը:
«Այսօր ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունեն լավ գաղափարներ, բայց նրանց մոտ բացակայում է ամենակարևորը` մարքետինգային գործիքների տիրապետումը, ինվեստիցիոն ծրագրերը»,- նշեց Հ.Տակսիլդարյանը:
Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հայտնեց, որ Հայաստանում Orange-ի գործունեության առաջին օրվանից նպատակ է դրվել լայնաշերտ ինտերնետը հնարավորինս հասցնել Հայաստանի հասարակության լայն շերտերին: Նա վստահեցրեց, որ Հայաստանի ինտերնետի ոլորտում Orange -ը առաջատարն է, քանի որ այսօր ունեն 45 հազար բաժանորդ շարժական ինտերնետի ոլորտում , իսկ ինտերնետ հասանելիությունը հանրապետությունում կազմում է 93%: Բ.Դյութուան հույս հայտնեց, որ ինտերնետային մրցույթը կնպաստի հայկական վեբ-կայքերի խթանմանն ու զարգացմանը, ինչը նաև կստեղծի բարձր որակի վեբ միջավայր:
Մրցույթի կազմակերպիչները հայտնեցին, որ մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել այն կայքերը, որոնք ստեղծվել են 2008-2010թթ.-ի ընթացքում, կամ նշված ժամանակահատվածում ենթարկվել են փոփոխության: Բացի դրանից, այդ կայքերը պետք է նախատեսված լինեն հայկական շուկայի համար, ներկայացնեն Հայաստանի, հայերի, հայկական սփյուռքի մշակույթը, պատմություն, խնդիրները:
Մրցույթն անցկացվելու է դիզայն և հարմարավետություն, նորարարություն, տեխնիկական կատարում, բովանդակություն, տարվա առաջընթաց, ժողավրդական ընտրություն, գլխավոր մրցանակ և Orange-ի հատուկ մրցանակ անվանակարգերում: Այն անցկացվելու է 2 փուլով: Առաջին փուլի ընթացքում, որը կսկսվի նոյեմբերի 10-ին, ինտերնետ օգտագործողները քվեարկում են իրենց նախընտրած կայքերի համար armnetawards.аm կայքի հատուկ կատալոգում: Այն կավարտվի նոյեմբերի 30-ին: Երկրորդ փուլին կմասնակցեն առաջին փուլի արդյունքներով առավելագույն քանակով ձայներ հավաքած 75 կայքերը: Ժյուրին, որի կազմում ընդգրկված են միջազգային հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ, մասնակցող կայքերի ցուցակից ընտրում է հաղթողներին` յուրաքանչյուր անվանակարգի համար մեկ կայք: Հաղթող կայքերին կտրամադրվի «Microsoft»-ի փաթեթ: