«Խիստ ժամանակացույցով քարտեզ չի ստորագրվի»… «Նախադրյալներ չկան». ՆԺԿ-ՀՀԿ
«Համաշխարհային հանրությունը չնայած իրարամերժ ձգտումների, նպատակաուղղված է լուծելու ԼՂ թնջուկն ու բացելու հայ-թուրքական սահմանը՝ մեջտեղ բերելով Ցյուրիխ-2-ը: Այդ պարագայում պետք է լինեն կոմպրոմիսային լուծումներ, իսկ այս պահին այդ կոմպրոմիսը միջազգային հանությունը տեսնում է «հողեր՝ ժամանակավոր կարգավիճակի դիմաց» ծիրի մեջ` վերջնական կարգավիճակը թողնելով ապագայում»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Խոսելով դեկտեմբերին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ճանապարհային քարտեզի ստորագրման հավանականության մասին, նա նշեց, որ խիստ ժամանակացույցով քարտեզ «Սերժ Սարգսյանը չի ստորագրի», բայց որևէ փաստաթուղթ կստորագրվի` ցույց տալու համար, որ կողմերը ցանկանում են հասնել հարցի լուծմանը:
Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ ԵԱՀԿ միջնորդական առաքելության խնդիրը ոչ թե պարտադրանքի ճանապարհով խնդրի լուծմանը հասնել է, այլ դիրքորոշումները մոտեցնելը, ինչն էլ արվում է այդ հանդիպումների ժամանակ: Ըստ նրա, այս պահին որևէ նախադրյալ չկա, որ Աստանայում ճանապարհային քարտեզ ստորագրվի: «Վերջնական պայմանագրի ստորագրում կլինի այն դեպքում, երբ որ կողմերի լիարժեք դիրքորոշումները արտահայտված ու շահերը բավարարված լինեն: Այսօր բանակցային գործը չի հասել այն կետին, որ հնարավոր լինի փորձել վերջնական փաստաթուղթ ստորագրել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Աստրախանում կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը` գերիների ու աճյունների վերադարձի մասին, ըստ Ա. Կարապետյանի, «այդ փոխանակումը կձգձգվի, բայց կիրագործվի», իսկ, ըստ Ա. Զաքարյանի, «կիրագործվի ու նաև որոշակի լիցքեր կհաղորդի հետագայում նմանատիպ հումանիտար բնույթի պայմանավորվածությունների համար»:
Անդրադառնալով վերջին շրջանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող ՌԴ-ի ցուցաբերած ակտիվությանը բանակցային գործընթացում, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահն ասաց, որ այդ ակտիվությունը հասկանալի է, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ բավականաչափ երկար տարիների կապվածության պատմություն ունի ու միջազգային հանրությունն ժամանակավորապես զիջել է ակտիվությունը: Սակայն նա չի կարծում, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքին: «Աստրախանյան հանդիպումից առաջ Դմիտրի Մեդվեդևը հանդիպեց Սարկոզիի ու Մերկելի հետ: Սարկոզին գնալու է Բաքու, և մենք պետք է ուշիմ հետևենք այդ այցին, ու, իմ կարծիքով, մեզ համար լավ բանակցություններ չեն լինելու այդ այցի ընթացքում»,- ասաց Ա. Կարապետյանը:
Ա. Զաքարյանն էլ ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը կարգավորման գործընթացում հավասարակշռված են. «Քաղաքականությունը բալանսավորված է հատկապես այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, հատկապես այնպիսի բարդ հակամարտության պարագայում, ինչպիսին ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրն է»: