Շեյխա Լուբնա Ալ-Քասիմի. «Ճիշտ ժամանակն է, որ ուժեղացնենք մեր կապերը»
Այսօր Երևանում մեկնարկեց հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովը:
Ողջունելով ներկաներին և հյուրերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ այս համաժողովը նոր խթան կհանդիսանա հայ-էմիրաթական առևտրատնտեսական կապերի զարգացման համար:
«Այսօր մեր հարաբերությունները քաղաքական մակարդակով մենք գնահատում ենք շատ բարձր և այս բիզնես ֆորումը նպատակ ունի բացահայտելու տնտեսական հարաբերությունների դաշտում գոյություն ունեցող ներուժը, որը մենք պետք է ամպայման իրացնենք: Այս հանդիպումը հնարավորություն կտա անմիջական շփումների միջոցով ուղղակի հարաբերություններ հաստատել մեր բիզնեսմենների միջև: Ուրախ եմ, որ կա խնդիրների և դրանց լուծման եղանակների լիակատար ըմբռնում, և Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը խիստ օգտակար է մեզ համար: Կարծում եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների համար հետաքրքրական կլինի ծանոթանալ Զվարթնոց միջազգային օդանավակայանում իրականացվող ծրագրի հետ, որը ենթադրում է ազատ տնտեսական գոտու ստեղծում, գյուղմթերքների վերամշակման և արտահանման նպատակով»,- նշեց ՀՀ վարչապետը:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Քասիմին իր խոսքում նշեց, որ իրենց պատվիրակությունը հետաքրքրված է Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններով և պատրաստ է ուսումնասիրել և ներդրումներ կատարել տնտեսության ամենատարբեր ոլորտներում:
«Այս տարի փետրվարին ձեր երկրի հետ մենք գյուտերի և տեխնիկական համագործակցության համար կնքեցինք համաձայնագիր: Սա նախ` կարևոր է Արաբական Միացյալ Էմիրություններում գիտելիքահենք հասարակություն ստեղծելու համար: Այժմ արդեն ճիշտ ժամանակն է, որ ուժեղացնենք մեր կապերը և խթանենք այլ ոլորտներում երկկողմանի ներդրումային ծրագրերի ստեղծումն ու իրականացումը», - ասաց Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Քասիմին:
Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը հույս հայտնեց, որ հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովը շարունակական կլինի և կնպաստի կողմերի միջև բիզնես միջավայրի և տնտեսության զարգացմանը: Նա նաև տեղեկացրեց, որ հիմնական արտահանվող ապրանքներն են մթերք բանջարեղեն, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, պղինձ: Ներմուծվել են ներկանյութեր, լաքեր, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, սարքավորումներ և հրուշակեղեն:
«Այս երկրի հետ պետք է զարգացնել հարաբերությունները, քանի որ այն պոտենցիալը, որն այնտեղ կա մեր գործարարների համար, այդ թվում նաև արտահանման տեսանկյունից, շատ կարևոր է մեզ համար»,- նշեց Ռոբերտ Հարությունյանը:
Որպես երկկողմ տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ, կողմերը նշել են բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության բնագավառները: Առավել հեռանկարային է համարվել գյուղատնտեսական ապրանքների, խմելու ջրի արտահանման, ազատ առևտրի գոտիների ստեղծման և այլ բնագավառների զարգացումը: Կարևորվել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող ամենատարբեր ցուցահանդեսներին հայ գործարարների մասնակցությունը:
Նշենք, որ 2006-2009թթ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 129.4 մլն դոլար, որից արտահանումը կազմել է 28 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 101.3 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը