Ս. Կարապետյան. «Ձեռնպահ վիճակում չենք կարող տեր կանգնել մեր արժեքներին»
Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վրացիները ցանկանում են դարձնել վրաց-կաթոլիկ կենտրոն և այդ նպատակով եկեղեցում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Այսօր այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ այս վերջին տարիներին վրաց եկեղեցու հովվապետ Իլյա երկրորդի մոտ միտք է հղացել յուրացնել Ախալցխայի շրջանում հայ կաթողիկե եկեղեցիները: «Մինչ այս եկեղեցին, Ախալցխայի շրջանում հովապետ Իլյա երկրորդը վերջին տարիներին երկու հայ եկեղեցիները արդեն օծել է ուղղափառ վրաց եկեղեցու ծեսով: Այս երկու դեպքերն էլ փաստում են, որ վրաց հովվապետը, հայկական եկեղեցիները օծելով ուղղափառ վրաց եկեղեցու ծեսով, ուղղակիորնեն այս եկեղեցիները խլում է տեղի համայնքներից: Փաստ այն է, որ այն համայնքներում, որտեղ գտնվում են այս երկու եկեղեցիները, չեն ապրում ուղղափառ հավատքին պատկավող մարդիկ: Այս ձևով հովվապետն այս համայնքների բնակիչներին զրկում էր իրենց աղոթատեղիներից: Այժմ հերթը հասել է Ախլցխայի Երևման Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն»,- ասաց հուշարձանագետը:
Բանախոսի խոսքով, քանի որ վերոնշյալ երկու դեպքերից հետո բողոքներ են եղել, այս անգամ էլ հովվապետ Իլյա երկրորդը որոշել է, որ Երևման Սուրբ Խաչ հայկական եկեղեցին պետք է շարունակի մնալ կաթողիկե, սակայն պետք է ոչ թե հայկական համայնքին պատկանի, այլ վրաց-կաթոլիկ համայնքին: «Դրա համար արդեն սկսվել են եկեղեցու ներսի մաքրման աշխատանքները, և արդեն արծարծվում է հայկական եկեղեցին վրաց-կաթողիկե համայնքին հանձնելու լուրերը: Իրականում այդպիսի համայնք չկա, այլ եկեղեցին յուրացնելու պատճառով երևի պետք է ստեղծվի, կամ էլ պարզապես վրացախոս հայ կաթողիկները պետք է հռչակվեն վրաց կաթողիկներ»,- ասաց բանախոսը:
Սամվել Կարապետյանի խոսքով, այն որ ցանկանում են Երևման Սուրբ Խաչ հայկական եկեղեցին հանձնել հորինված վրաց-կաթողիկե համայնքին, առաջին հերթին, պետք է մտահոգեր ոչ թե իշխանություններին, այլ աշխարհի հայ կաթողիկե եկեղեցիներին: «Այս հարցով պետք է իր մտահոգությունը հայտներ նաև հայ առաքելական եկեղեցին, քանի որ Երևման Սուրբ Խաչ հայկական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ առաքելական, միայն 18-րդ դարի սկզբին Է այն փոխանցվել տեղի հայ կաթողիկե համայնքին»,- հավելեց հուշարձանագետը:
«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ի նախագահ խոսքով, հայկական եկեղեցիների յուրացման հարցը լուծելու համար առաջին հերթին ենթադրում է պայքար: «Մենք չենք կարող ձեռնպահ վիճակում տեր մնալ մեր արժեքներին: Ցավալին այն է, որ մենք մինչև «դանակը ոսկորին չի հասնում» տեղից չենք շարժվում: Ես չեմ իմանում էլ քանի՞ եկեղեցի վրացիները պետք է զավթեն, յուրացնեն: Նրանք արդեն սողոսկել են Գուգարքի անտառները, որտեղ դարերով ամայի գյուղատեղիների եկեղեցիներն ու գերեզմանոցներ են վերացնում: Մեր տան միջից մեր հետքն են վերացնում»,- իր անհանգստությունը հայտնեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը