Ծաղիկները կամ հաղթանակի հույսը վերջում է մարում
Հայ ազգային կոնգրեսը նոյեմբերի 9-ին Երևան հյուրանոցի դիմաց վեցժամյա պիկետ է անցկացնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ապա նշեց, որ դրան կհետևի հանրահավաք: Հիշեցնենք, որ այդ օրը Երևանում նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության ֆորմատով սեմինարը:
Պիկետը կսկսվի ժամը 12-ին, կավարտվի ժամը 18-ին: «Բավականին վճռորոշ պահ է»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը, ապա մանրամասնեց, որ «ռեժիմի շուրջ օղակը սեղմվում է»: Այս եզրակացության համար Զուրաբյանն ու իր թիմակիցները մի քանի վերլուծություններ են արել, հասկացել, որ երկրում արագընթաց վատթարացել է սոցիալ-տնտեսական իրավիճակը, կապիտալի մեծ արտահոսք է տեղի ունենում, բյուջեն չեն կարողանում հավաքել, իշխանությունները չեն կարողանում հայթայթել վարկեր: Վկայակոչելով իր աղբյուրները, բանախոսը հայտարարեց, որ չի հաջողվել վարկ ստանալ Ռուսաստանից:
«Մեր աղբյուրներն էլ են հուշում, որ փորձել են 1 մլրդ դոլարի վարկ ստանալ Ռուսաստանից, չեն կարողացել: Հիմա իսկապես շատ դժվար է միջազգային հանրությունից ակնկալել վարկեր այն վիճակում, երբ Հայաստանում ռեժիմն ուղղակիորեն մսխում է այդ վարկային միջոցները»,-իր ստացած տեղեկությունների վրա նման վերլուծություն ներկայացրեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Հիշյալ խնդիրները ՀԱԿ-ին ստիպել են փոխել նոյեմբերի 9-ին կայանալիք հանրահավաքի թեման, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության վերաբերյալ ելույթների փոխարենը գնահատականներ կհնչեն հենց այս հարցերի վերաբերյալ: Կոնգրեսում գտնում են, որ այս խնդիրների պատճառով ռեժիմն այժմ թուլացած ու խուճապային վիճակում է:
«Սա միայն ծաղիկներն են, որովհետև առաջիկա շաբաթներին, ամիսներին շատ ավելի լուրջ պրոցեսներ են սպասվում, բոլոր նախադրյալները դրա համար կան, որոնք կխորացնեն ռեժիմի խուճապը, և կստեղծեն բարենպաստ պայմաններ Համաժողովրդական շարժման հաղթանակի համար»,-ասաց Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին