Դերասան Սոս Սարգսյանը ՀՀ նախագահին առաջարկել է անվանափոխել Ստեփանավանը
Ստեփանավանի հիմնանորոգված մշակույթի պալատն այսօր բացեց իր դռները մշակութասեր հասարակության համար: Բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես արդեն Panorama.am-ը տեղեկացրել էր, ներկա գտնվեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Ստեփանավանի պատվավոր քաղաքացի, հայտնի դերասան Սոս Սարգսյանը, ներկաններին ողջունելով հույս հայտնեց, որ շենքը կծառայի ըստ իր նշանակության:
Նա ընդգծեց, որ Լոռին Հայաստանի մարգարիտն է, իսկ Լոռիի համար Ստեփանավանն է մարգարիտ: Ժողովրդական արտիստը հանրապետության նախագահին խնդրեց մշտական ուշադրության ներքո պահել քաղաքի հիմնախնդիրները, ու մատնանշեց դրանցից մի քանիսը` քաղաքի փողոցներն անբարեկարգ են, լուծված չէ ջրի հարցը:
Դերասանը նախագահին խնդրեց քննարկել նաև քաղաքի անվանափոխման հարցը: Ինչպես հայտարարեց, Ստեփան Շահումյանը, ում անունով կոչվում է քաղաքը, կապ չի ունեցել նրա հետ, ընդամնեը այդ քաղաքի փեսա է եղել ու մի քանի անգամ այցելել է այնտեղ: Թատերական գործիչն առաջարկեց քաղաքն անվանել Լորե:
Երկրի ղեկավարը այնուհետև այցելեց Արմանիսի լեռնահարստացման համալիր, «Սագամար» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկա, հանքի հարևանությամբ գտնվող սպասարկման համալիր։
Panorama.am –ի թղթակցի հաղորդմամբ, նախագահը շրջայց կատարեց ընկերության լաբորատոր կենտրոնում, դիտեց հանքի շահագործման համար ձեռք բերված տեխնիկական միջոցները:
Ընկերության վարչական մասնաշենքում Սերժ Սարգսյանին ներկայացվեց հանքարդյունաբերության ոլորտում երկու դուստր ձեռնարկությունների` «Սագամար» և «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «Նևա ռուս» ընկերության աշխատանքն ու հետագա ծրագրերը: Ձեռնարկությունների աշխատանքը ղեկավարում է «Գլոբալ Մեթալ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը:
Լրագրողների հետ զրույցում «Նևա ռուս» ընկերության ներդրումների գծով տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ «Սագամար» ֆաբրիկայի շինաշխատանքները շուտով կավարտվեն: Նախատեսված է այն գործարկել հաջորդ տարվա մայիսին: Խոստանում են ապահովել 500 աշխատատեղ: Ֆաբրիկայի ընդհանուր հզորությունը կլինի տարեկան 800 հազար հանքաքար:
Ըստ նրա, ներդրումների ծավալը կազմում է 500 մլն դոլար: Ֆաբրիկան արտահանելու է երեք տեսակի կոնցենտրատ` պղինձ, ցինկ, կապար: Դրանք նախատեսված է արտահանել Չինաստան, Սերբիա, Բուլղարիա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը