Հայաստանի ոստիկանությունը Երևանում իտալական մաֆիայի անդամի է բերման ենթարկել
Նախօրեին առավոտյան Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մարզահամերգային համալիրի մոտից բերման են ենթարկել Իսպանիայի թագավորության քաղաքացի, իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խոսե Սանչեսին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Իտալիայի ոստիկանության գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն, Սանչեսը նախորդ օրը Մոսկվայի չվերթով Իսպանիայից ժամանել էր Երևան, որտեղ օտարերկրյա մի քաղաքացուց պետք է ձեռք բերեր թմրամիջոց և մաքսանենգ ճանապարհով տեղափոխեր Իսպանիա:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Խոսե Սանչեսի ճամպրուկի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մոտ մեկ կիլոգրամ սպիտակ գույնի, մետամֆիտամին տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:
Ըստ տեղեկատվության, նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական գլխավոր վարչություն: