ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Մալայզիայից ստացված պարզաբանումը
Ի պատասխան լրատվամիջոցների հարցման ` Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն այսօր հրապարակել է Մալայզիայի իշխանություններին ուղղված պաշտոնական հարցման պատասխան նամակը:
Հիշեցնենք, որ խոսքը մոտ մեկ ամիս առաջ Մալայզիայի ներքին գործերի փոխնախարար Աբու Սեման Յուսուփին վերագրվող այն հայտարարության մասին է, թե Հայաստանը Մալայզիա տեղափոխվող թմրանյութերի տարանցիկ երկիր է:
Այս տեղեկատվության առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանումներ ստանալու նպատակով պաշտոնապես դիմել է Մալայզիայի իշխանություններին, որոնք իրենց պատասխան մեկնաբանություններում հերքել են ներկայացված պնդումը:
Մալայզիայից ստացված նամակի մեջ, որի լուսապատճեն Panorama.am-ին են փոխանցել ՀՀ ԱԳՆ-ից, մասնավորապես ասված է.
«Մամլո հաղորդագրությամբ ծանուցվել է 2010 ներքին գործերի փոխնախարար Դաթուք Վիրա Աբու Սեման բեն Յուսուփի թվականի սեպտեմբերի 24-30-ը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի մասին: Ի թիվս այլ հարցերի, այցի նպատակն էր քննարկել Մալայզիայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև թմրանյութերի վերահսոկղության ոլորտում հետագա համագործակցության հարցը: Երկու երկրներն էլ ստորագրել են 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարում համագործակցության մասին» փոխգործակցության հուշագիրը:
Մամլո հաղորդագրությունն ընդգծել էր Իրանի քաղաքացիների խնդիրը, ովքեր Մալայզիայում ձերբակալվել են որպես թմրանյութեր տեղափոխողների կամ մատակարարների: Նախարարի տեղակալը նշել է այն բանի հնարավորությունը, որ Թեհրանից կարելի է տարանցիկ ճանապարհով Մալայզիա հասնել Հայաստանով, Դուբայով, Դոհայով կամ Կոլոմբոյով:
Հայտարարությունը ոչ մի կերպ չի նշանակում կամ չի նշում, որ Հայաստանը դեպի Մալայզիա թմրանյութերի փոխադրման տարանցիկ երկիր է: Հայտարարության մեջ ընդգծվում է այն փաստը, որ թմրանյութերի սինդիկատներն ու փոխադրողները` իշխանությունների կողմից բացահայտվելուց խուսափելու համար օգտագործում են բազմաթիվ տարբերակներ, այդ թվում` թմրամիջոցները օդային ճանապարհներով տեղափոխելը: Այդկերպ Մալայզիան ընդգծում է այդ չարիքն արմատախիլ անելու հարցում ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում վճռական ու համակարգված ջանքերի կարևորությունը»: