ՀՀ ՊՆ. Ադրբեջանի հանձանաժողովի հայտարարությունը տարօրինակ է
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը և ցանկության դեպքում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալուց հետո տեղափոխվել երրորդ երկիր: Այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը` արձագանքելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս է իրագործվելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված Աստրախանյան համաձայնությունը, եթե Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայլիովը հայտարարել է, թե հայ գերիները ցանկություն չունեն վերադառնալ Հայաստան և մտադիր են մեկնել երրորդ երկիր:
«Ադրբեջանում գտնվող ՀՀ ռազմագերիների երրորդ երկիր մեկնել ցանկանալու կապակցությամբ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղարի տարօրինակ հայտարարության վերաբերյալ նաև հավելեմ, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացված են, որ Հայաստան վերադառնալուց հետո հայ ռազմագերիները որևէ հետապնդման չեն ենթարկվելու»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:
Նա նաև հավելեց. «Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ ռազմագերիները վերադառնալուց հետո ենթարկվում են քրեական պատասխանատվության, Հայաստանում նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվում: Իսկ երրորդ երկիր տեղափոխվելու կապակցությամբ կցանկանայի նշել, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը և ցանկության դեպքում նրանք կարող են Հայաստանից երրորդ երկիր տեղափոխվել»: