ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի որևէ գործակալ Հայաստան չի ժամանել. Դատախազություն
ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային և բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի որևէ գործակալ Հայաստան չի ժամանել: Այդ մասին տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը` արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի 8 աշխատակից է ժամանել Հայաստան:
«Հայկական մամուլում տպագրված այդօրինակ լուրերի անհեթեթության մասին փաստել էր ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանը՝ ՀՀ գլխավոր դատախազի հետ դեռևս հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ ՀԴԲ-ի որևէ աշխատակից Հայաստան չի ժամանել: Ինչ վերաբերում է Ք.Դոնովանին, ապա հարկ ենք համարում պարզաբանել, որ Ք.Դոնովանը տարածաշրջանում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչն է և նրա հիմնական նստավայրը Թբիլիսին է:
Հանդիպման ընթացքում Ք.Դոնովանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ-ն կդիմի իրավական փոխօգնության խնդրանքով: Առ այս պահը Հայաստանի իրավապահ մարմինները չեն ստացել իրավական փոխօգնության խնդրանք, հետևապես մամուլի այն հրապարակումները, թե ՀԴԲ-ի աշխատակիցներ են Հայաստան ժամանել և սկսել իրականացնել ինչ-ինչ ստուգումները՝ ընդամենը հերյուրանքներ են, երևակայության արգասիք:
Որևէ երկրի իրավապահ մարմնի աշխատակից չի կարող որևէ այլ երկրի տարածքում իրականացնել որևէ քննչական գործողություն՝ առանց տվյալ երկրի իրավապահ մարմինների նախնական համաձայնությունը ստանալու: Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահները նախկինում ևս համագործակցել են կոնկրետ քրեական գործերով միմյանց ցուցաբերելով իրակավան օգնություն: Եվ դիտարկվող քրեական գործը բացառություն չէ. Կլինի իրավական փոխօգնության հարցում՝ դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում կաջակցի: Առ այս պահը նման խնդրանք չի ստացվել», -հայտնում են դատախազությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան