Միջազգային շուկայի համար նոր հայկական բրենդ է ստեղծվում
Ամերկահայ գործարար Վիգեն Յակուբյանը աշխարհահռչակ գինեգործ Փոլ Հոբսի հետ ստեղծելիք իրենց նոր հայկական գինու բրենդը նախատեսում է տեղադրել միջազգային քարտեզի վրա, ստեղծել որակապես միանգամայն մրցունակ գինի: Փոլ Հոբսը ամենախիստ քննադատների կողմից ընդգրկված է գինեգործների աշխարհի լավագույն տասնյակի մեջ: Նա տարբեր արտադրողների համար բազում ապրանքանիշեր է ստեղծել աշխարհով մեկ, նրա գինիները ներկայացված են 30 երկրներում, հատկապես գինու ավանդույնթներ ունեցող և առաջատար երկրներում, իսկ 1991-ին իր սեփականն է ստեղծել:
Նրա գործոնը գինու համաշխարհային շուկայում պատկերացնելու համար կարելի է google համացանցային որոնողական համակարգում փնտրել և տեսնել հարյուր հազարավոր հղումներ նրա անվանն ու գործունեությանը` Paul Hobbs: Իսկ Յակուբյանին վստահություն է հաղորդում ոչ միայն հանրաճանաչ գինեգործի պարզապես առնչությունն այս նախագծին (որպես խորհրդատու), այլ նաև այն, որ Հոբսը մասնակցում է որպես գործընկեր. «Հետևաբար իր և իր անունի համար էլ այդ հաջողությունը մեծ նշանակություն ունի: Դա երաշխավորում է նախագծի հաջողությունը»: Բրենդաստեղծ ամերիկացին, երկուսուկես տարվա ուսումնասիրություններից հետո Հայաստան գալով, հողը, կլիման հավանել է, նաև հսկայական պոտենցիալ տեսել` միաջազգային մակարդակի բարձրորակ գինու արտադրության համար»:
Ի դեպ, գինու արտադրությունն սկսում են ոչ թե խաղողի գնմամբ, գործարանի ձեռքբերմամբ, այլև ամեն ինչ սկսում են զրոյից ու, Վ. Յակուբյանի ներկայացմամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան. կհիմնադրվեն սեփական այգիները, կկառուցվի նոր գինեգործարան:
Օրինակ, սովորական այգիներից դրանք տարբերվում են անգամ խաղողի վազերի հեռավորություններով միմյանցից, մշակման տեխնոլոգիաներով, բացառապես օրգանական պարարտանյութերի կիրառմամբ: Ինչպես տեղեկացանք պարոն Յակուբյանից, հողեր են ձեռք բերվել, ընթանում է հողի քիմիական բաղադրության փորձաքննություն, որից հետո կորոշվի թե հատկապես որ սորտերի խաղողներից կստացվի լավագույն գինին: Արդեն երկուսուկես տարի է, նախապատրաստական աշխատանքներն սկսվել են և միայն «չորս տարի հետո հավանաբար առաջին բաժակը կխմենք: Այդ ընթացքում գինու գործարանի հիմքերը կգցենք և կկառուցենք նույն տարածքում»:
«Այս գինին, իհարկե, կմրցակցի ճանաչված գինիների հետ, սակայն շուկա ներթափանցելու հիմքերն իրատեսական են և միջազգային ճանաչումը երկարատև համակարգված աշխատանք է պահանջում»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց պարոն Յակուբյանը: Միևնույն ժամանակ. «մենք ուզում ենք առաջնահերթությունը լինի այն, որ երկրը ընդունի այդ գինին, հպարտ զգա այդ գինով»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան