Աշոտ Մարտիրոսյան. Հայաստանում 87 տոկոս հարստացված ուրան ընդհանրապես չկա
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն այսօր կայացած ասուլիսում անդրադարձավ օրերս մամուլում հրապարակված այն տեղեկությանը, ըստ որի Հայաստանից Վրաստան տեղափոխվել է հարստացված ուրան:
Ըստ նրա, Հայաստանում գտնվող բոլոր միջուկային նյութերը` սկսած Ատոմակայանի միջուկային վառելիքից մինչև տարբեր կազմակերպությունում եղած աննշան քանակի միջուկային նյութերը, գտնվում են մեր, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի, հսկողության ներքո: «Թե ինչպես է այդ միջուկային հարստացված նյութը հայտնվել Հայաստանում, այնուհետև Վրաստանում , ես չեմ կարող ասել, որովհետև չկան հստակ տեղեկություններ: Հարստացված միջուկային նման նյութ, ինչպիսին հայտարարված է վրացական իշխանությունների կողմից, Հայաստանում չի եղել և չկա: Ինչպես է հայտնվել Հայաստանում, կամ միգուցե չի էլ հայտնվել, մենք ոչ մի տեղեկություն չունենք»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, քանի դեռ հետաքննությունը ավարտված չէ, ապա հայտնի չէ այդ հարստացված ուրանը Հայաստանով է անցել Վրաստան, թե ոչ:
Ի պատասխան այն հարցին, թե Վրաստանում հայտնաբերված ուրանը եղել է 87 տոկոս հարստացված, Ա. Մարտիրոսյանը հայտնեց. «87 տոկոս հարստացված ուրան Հայաստանում չկա: Պահեստարանից նույնպես հնարավոր չէ հարստացված ուրան դուրս բերել: Մեր պահեստարանում ուրանը գտնվում է վառելիքային հավաքածուի մեջ, որի քաշը 250 կգ է: Եթե որևէ մեկը փորձի մոտենալ պահեստարանին և ուրան հանել, ապա նա կստանա այնքան մեծ ռադիոակտիվ ճառագայթում, որ հավանաբար այդտեղից այլևս չի կարող դուրս գալ, տեղում կմնա»:
Ա.Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում նման միջուկային նյութ չկա և չի էլ եղել, հետևաբար այս դեպքը չի կարող բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ Ըստ նրա, Հայաստանը կատարում է Վիեննայի կոնվենցիայով ստանձնած բոլոր պարտականությունները։ «Մինչ օրս որևէ շեղում չունենք»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան