Ի.Զաքարյանը` «Գեոպրոմայնինգ գոլդ»-ին. «Հարցը փակ է և այլևս դրան չենք անդրադառնալու: Խնդրեմ` իրավական հարթությունում »
Ի՞նչ ընթացք է ստանալու Վերահսկիչ Պալատ- «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ ընկերության միջև փոխհրաձգությունը: Թեպետ այս պարագայում ճիշտ է ավելացնելը, որ հրաձգությունն այդքան էլ «փոխ» չի, քանի որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կողմից վերջին ասուլիսում հրապարակված աղաղակող փաստերից հետո` ընկերության , մեղմ ասած, ոչ արդյունավետ գործունեության ու պետությանը ֆինանսական խոշոր վնաս հասցնելու մասին, « Գեոպրոմայնինգ գոլդ» -ը, նախ, հայտարարեց, որ ՎՊ «կոմպետենտ չէ» նման ստուգումներ անելու, այնուհետև, որ դրանք «անօրինական են» և , վերջապես, որ դիմելու է դատարան:
Եվ ահա այս ամենի վերաբերյալ ներկայացնում ենք Ի.Զաքարյանի կարծիքը. «Իրավական հարթության հետ կապված խնդիրնե՞ր ունեն քննարկելու: Դրա համար կա համապատասխան վայր, մենք պատրաստ ենք դրանք քննարկել»,- այսօր խորհրդարանում լրագրողներին տեղեկացրեց պաշտոնյան:
Բնական է, նման պաշտոն զբաղեցնող անձը, այն էլ Հայաստանի նման զարգացող համարվող երկրում միշտ պատրաստ է, որ աղաղակող բացահայտումները դեմ են առնում անհամաձայնությանը: Սակայն կոնկրետ այս պատմության հետ կապված նրան ավելի շատ վրդովեցրել է այն հանգամանքը, որ «Գեոպրոմայնինգ»-ն իր բազմաթիվ հաղորդագրություններից հերթականում նշել է, թե ՎՊ-ն տվյալները ձեռք է բերել անօրինական ճանապարհով:
«Օգտվել ենք օրենքով վերապահված մեր հնարավորությունից, դիմել ենք Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալություն, որտեղից ստացել ենք պաշտոնական պատասխան-տեղեկություններ»,- տեղեկացրեց Ի.Զաքարյանն ու հիշեցրեց, որ «Վերահսկիչ Պալատի մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, բոլոր ստուգվող կազմակերպությունները պարտավոր են ՎՊ-ին տրամադրել տեղեկություններ: Այնպես որ տվյալ պարագայում հնչող մեղադրանքները, թե ՎՊ-ն դուրս է եկել ստուգման թեմատիկայից և այլն իրենց ընդհանրապես չեն մտահոգում:
«Եզրակացությունը կայացրել ենք, այն սահմանված կարգի համաձայն ներկայացվել է Կառավարությանը, որտեղ էլ սպասում է համապատասխան պատասխանին»,- ավելացրեց ՎՊ նախագահը:
Ինչ վերաբերում է այն փաստերին, որոնք ամենից շատն են անհանգստացրել վերը նշված ընկերությանը` կոնկրետ վարկային միջոցներ ստանալու հետ կապված, ապա Ի.Զաքարյանը լրագրողներին ներկայացրեց նաև Արդարադատության նախարարությունից հոկտեմբերի ն ստացված պատասխանը, որը փաստում է, որ, նախ, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի միակ մասնակից «Ֆրսթ Դայնս Մայնս Արմենիա Լիմիթեդ» ընկերությունն իր բաժնեմասերը գրավադրել է VTB ԿԱՊԻՏԱԼ PLC ընկերությանը` կնքված գրավի պայմանագրի համաձայն: Իսկ բացի այդ տրամադրված է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի մասնակից «Ֆրսթ Դայնս Մայնս Արմենիա Լիմիթեդ» ընկերության և է VTB ԿԱՊԻՏԱԼ PLC ընկերության 2010թ-ի հունիսի 22 կնքված բաժնեմասի գրավի պայմանագիրը:
«Սա այն պայմանագիրն է, որը վերաբերում է 250 մլն դոլար վարկ վերցնելուն»,- մանրամասնեց նա:
Հիշեցնենք, որ «Karlou BV» ընկերության և գրավառուի միջև 2010թ-ի հունիսի 22 կնքվել է վարկային պայմանագիր, որով գրավառուն «Karlou BV» ընկերությանը տրամադրել է 250 մլն դոլարի չափով վարկային գիծ, որով էլ գրավատուն պատրաստակամություն է հայտնել և համաձայնել է գրավ դնել «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում իրեն սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասը:
ՎՊ-ի համար, ընդգծեց Ի.Զաքարյանը, հարցը փակված է, առավել ևս, որ վերաբերում է մի ընկերության, որը ոչ թե գոմաղբ, այլ ոսկու հետ գործ ունի: Ոսկու, որի գինը վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրել, մինչդեռ իրենք արդեն հրապարակել են տվյալներ, համաձայն որի ` ՊԵԿ-ի տրամադրված տեղեկանքի հիման վրա, երեք տարի շարունակ ընկերությունն աշխատել ` 15, 16 և 17 մլրդ դրամի վնասով. «Մեզ համար հարցը փակ է և այլևս դրան չենք անդրադառնալու: Խնդրեմ` իրավական հարթությունում»,- հավելեց Ի.Զաքարյանը: