Այս տարվա 9 ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների աճը կազմել է 15,6 տոկոս
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն, ամփոփոլով այս տարվա 9 ամիսների ցուցանիշերը, հայտնեց, որ հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 487902 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15,6 տոկոսով ավելի է: Ըստ Մ.Ապրեսյանի, կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կհատի 600 հազ.-ի սահմանը: Նշվեց նաև, որ համաշխարհային զբոսաշրջության աճն այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է 7 տոկոս, իսկ տարեվերջին, ըստ կանխատեսումների կկազմի մինչև 5 տոկոս:
Հայաստան զբոսաշրջիկներ այցելում են ԱՊՀ երկրներից, առավելապես Ռուսաստանից, Վրաստանից, հաջորդում են ԵՄ երկրները, Իրանը, ԱՄՆ-ն:
«Սակայն Հայաստան այցելողների աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, նաև հետաքրքրվածությունն է մեծանում»,- ասաց Մ.Ապրեսյանը: Նրա խոսքերով, վերջին 2 տարիների ընթացքում գնալով աստիճանաբար ավելանում են Իրանից այցելությունները դեպի Հայաստան:
Ըստ պաշտոնական հաշվարկների, մեկ զբոսաշրջիկը մեկ այցի ընթացքում Հայաստանում ծախսում է 700-800 դոլար։ Սակայն Մեխակ Ապրեսյանի կարծիքով, մեկ զբոսաշրջիկի ծախսը հասնում է 1000 դոլարի։
Վարչության պետը նշեց, որ զբոսաշրջության նպատակով այս տարվա ինն ամիսներին Հայաստանից դուրս է եկել 474 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 19 տոկոսով ավելի է։
«Սալդոն դրական է՝ ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել, քան մեկնել է»,- ընդգծեց Մ.Ապրեսյանը: Անդրադառնալով Հայաստանից դեպի Թուրքիա կատարվող այցելություններին, նա հայտնեց, որ հանգստի նպատակով Թուրքիա մեկնող Հայաստանի քաղաքացիների հոսքը գնալով նվազում է:
«Թուրքիա գնալու նպատակը ծովային հանգիստ վայելելն է, հիմա բացի Անթալիայից կան արդեն այլընտրանքային ծովային հանգստավայրեր: Ուստի, այցելությունները գնալով նվազում են»,- նշեց Մ.Ապրեսյանը:
Ըստ նրա, Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի համաձայն, որը հաստատվել է 2008թ.-ին, նախատեսվում է մինչև 2030թ.-ը Հայաստան ժամանող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել 3 մլն-ի: Սակայն, Մ.Ապրեսյանի գնահատմամբ, ժամկետից շուտ կապահովվեն այդ ցուցանիշը:
«Դա պայմանավորված է զբոսաշրջության աճին նպաստող քաղաքականությամբ, նաև բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցությամբ»,- ասաց նա:
Համեմատականներ անցկացնելով Մ.Ապրեսյանը նշեց, որ 2001-2007թթ.-ն զբոսաշրջային ալցելությունների տարեկան աճը կազմել է 20-25 տոկոս, համաշխարհային ճգնաժամի արդյունքում 2008թ.-ին աճը կազմել է 9,4 տոկոս, 2009թ.-ին` 3 տոկոս: Սակայն, ակտիվությունը վերականգնվում է, և ակնկալվում է, որ առաջիկա տարիներին հնարավոր կլինի վերականգնել այդ աճի ցուցանիշերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը