Հերմինե Նաղդալյան. ՆԱՏՕ-ի կոմյունիկեն զգուշացում էր տարածաշրջանի տաք գլուխներին
Լիսաբոնյան հռչակագրի տեքստից բացի, հարկավոր է նաև ուշադրություն դարձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այն հայտարարության վրա, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը որևիցե դերակարատարություն չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովի արդյունքները` նման կարծիք արտահայտեց ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Անդրադառնալով գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրին` ՀՀԿ խմբակցության անդամը նշեց. «ՆԱՏՕ-ի կոմյունիկեում կան ոչ միայն բացասական սահմանումներ: Այնտեղ նշվում է, որ հետխորհրդային տարածքի հակամարտությունները պետք է լուծվեն նաև պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, բայց ոչ մի պարագայում դա չի ներկայացվում որպես կարգավորման միակ սկզբունք:
Իհարկե նույնիսկ այդ տեսքով սկզբունքի հիշատակումը մեր համար ընդունելի չի կարող լինել, և հենց դրա համար էլ Նախագահը հրաժարվեց այդ միջոցառմանը մասնակցելուց: Սակայն հռչակագրի նույն այդ պարբերության մեջ կան Ադրբեջանին ուղղված շատ կարևոր ուղերձներ: Մասնավորապես, որ հակամարտությունները պետք է լուծվեն սահմանված ձևաչափերում և միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև կոչ` զերծ մնալու գործողություններից, որոնք կասկածի տակ կդնեն տարածաշրջանային անվտագությունը: Սրանք հստակ ուղերձներ և զգուշացումներ են տարածաշրջանի տաք գլուխներին»:
http://www.panorama.am/am/politics/2010/11/22/nato/