Հայկ Քոթանջյան. Բաքուն չարաշահել է կրկնակի հանրաքվեի գաղափարը
Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղում կրկնակի հանրաքվե անցկացնելու գաղափարն օգտագործել է ոչ ըստ նշանակության: «Ռեգնում» գործակալությանն ասել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
Աղբյուրի համաձայն` Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի 6-րդ Կոնվենտի ժամանակ ունեցած զեկույցում Հայկ Քոթանջյանը նշել է, որ Մադրիդյան սկզբունքները վերալիցքավորելու անհրաժեշտություն է տեսնում:
Պարզաբանելով իր պնդումը` գեներալ-մայորը ռուսական գործակալությանը մասնավորապես ասել է. «2005 թվականին Ղարաբաղի հարցով Մինսկի գործընթացի փաթեթում ներառվեց նոր գործոն` Լեռնային Ղարաբաղում կրկնակի հանրաքվե անցկացնելու առաջարկ` չնայած 1991 թվականի դեկտեմբերի 10-ին այնտեղ անցկացված հանրահավաքի օրինականությանն ու լեգիտիմությանը, այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանն ամբողոջովին համապատասխանելուն: Հակամարտության կարգավորման գործընթացի երկարաձգմամբ այդ առաջարկը Մինսկի խմբի համանախագահներն այն ժամանակ հիմնավորեցին խաղաղությանը նախապատրաստվելու համար կողմերին լրացուցիչ ժամանակ տրամադրելու անհրաժեշտությամբ: Սակայն միջազգային հանրությունն ականատես դարձավ այն բանին, որ տրամադրված ժամանակն Ադրբեջանի կողմից օգտագործվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի նախապատրաստվելու համար: Միջազգային հանրությանը հայտնի այդ փաստը հիմնավորում է Մինսկի գործընթացում կրկնակի հանրաքվեի առաջարկը ներառելու հակաարդյունավետության մասին գնահատականը: Դա են վկայում Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազք հրահրելու նպատակով 2005 թվականից սկսած ադրբեջանական ռազմական բյուջեի բազմապատիկ ավելացումն ու սպառազինության կառուցվածքում հարձակողական զինատեսակների տեսակարար կշռի մեծացումը»:
Ամփոփելով իր հիմնավորումները` Հայկ Քոթանջյանն ասել է. «Կովկասում ցուցադրաբար նոր պատերազմի նախապատրաստվելու ֆոնին Ղարաբաղյան գործընթացում կրկնակի հանրաքվեի առաջարկի ներառումը ադրբեջանի իշխանություններին թույլ է տվել փոխզիջման իր մեկնաբանությունը տեղափոխել կարգավորման գործընթացի համար ամենավտանգավոր ձևաչափ` պատերազմի վերսկսման սպառնալիքի հարթություն: Խաղաղությանը նախապատրաստվելու ադրբեջանական կողմի այդ հակաարդյունավետ միջոցն արտացոլվում է ադրբեջանական պետության ղեկավարի` միջազգային հանրության համար սովորական դարձած ռազմատենչ հռետորաբանության մեջ: Այդպիսով` Մադրիդյան սկզբունքների վերալիցքավորման անհրաժեշտությունը հիմնավորվում է ադրբեջանական կողմից կրկնակի հանրաքվեի առաջարկը նոր պատերազմի նախապատրաստվելու համար օգտագործելով»:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով