Իրանը հրաժարվել է Թուրքիայի աջակցությունից
«Իրանը Ստամբուլին վաղուց է ջնջել», «Իրանը խուսափեց Ստամբուլում բանակցություններ վարելուց» այս և նման վերնագրերով են թուրքական լրատվամիջոցները բնութագրում պաշտոնական Թեհրանի վերջին գործողությունները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական ներկայացուցիչների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա, Չինաստան) և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Ստամբուլում կազմակերպելու գաղափարը Թեհրանը չի ընդունել: Նպատակահարմար է գտնվել հիշյալ բանակցություններն անցկացնել Ժնևում դեկտեմբերի 5-ին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից Իրանի հետ բանակցելու է Եվրամիության արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Ուրանի հարստացման ծրագրից բացի իրանական կողմը օրակարգ է բերելու նաև տարածաշրջանի անվտանգությանն ու Իսրայելի միջուկային զենքին առնչվող հարցեր: