«Նախագահի քայլն ազդակ էր. երեք հանրահայտ սկզբունքների միջև այսուհետ չդրվեն կամայական տարբերություններ»
«Միջազգային հարաբերությունները բարդ համակարգ է, որի գործունեության նպատակներից մեկը պարտավորությունների ու վստահության մթնոլորտի կառուցումն է: Այդ նպատակին հասնելու ընդունված ձևերից է հետևողականությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների հարգումը և համատեղ մշակվող փաստաթղթերում, արվող հայտարարություններում նոր, առավել կառուցողական բանաձևումների արտացոլումը: Ցավոք, այս պայմաններից ու բնութագրումներից մի քանիսը ոչ միայն չներկայացվեցին ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Լիսաբոնյան հռչակագրի 35 հոդվածում»,- անդրադառնալով Լիսաբոնում կայացած գագաթաժողովին և այնտեղ չմեկնելու վերաբերյալ ՀՀ նախագահի որոշմանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Նրա խոսքերով՝ Ռիգայում և Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովների շրջանակներում ընդունված հռչակագրերում ժամանակին ևս տեղ էին գտել նմանատիպ ձևակերպումներ, որոնց կապակցությամբ Հայաստանը բարձրաձայնել էր իր դժգոհությունը:
«Այս անգամ ևս ՆԱՏՕ-ն հավատարիմ մնաց Արցախյան հակամարտության հարցում նախորդ ձևակերպումները կրկնելու սկզբունքին: Հետևաբար, Հայաստանի արձագանքը պետք է տարբերվեր նախորդ տարիներից: Հայաստանի Նախագահի մերժումը չմեկնել Լիսաբոն ուղերձ էր թե´ ԵԱՀԿ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին, թե´ միջազգային հանրությանը, որ Արցախյան հակամարտության պես բարդ խնդիրը չի ընդունում երկակի չափանիշներ»,- ասաց ԱՌՀԻ պետի խորհրդականը:
Նա հավելեց, որ նույն միջազգային հանրությունը պետք է գնահատի իր իսկ ջանքերը, և առաջին հերթին այն ջանքերը, որոնք Հայաստանը ներբերում է Հարավային Կովկասում վստահության մթնոլորտի կառուցմանը և հատկապես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանը:
«Նախագահի քայլն ազդակ էր, որպեսզի Արցախյան հակամարտության երեք հանրահայտ սկզբունքների միջև այսուհետ չդրվեն կամայական տարբերություններ: Նախագահի քայլը հարկ է դիտել նաև որպես հորդոր ուղղված միջազգային հանրությանը, որ բարդ հակամարտությունները լուծելու համար նպատակահարմար է ուղղորդվել խթանիչ շարժառիթավորումների ստեղծման սկզբունքով, քան թե հարցերի լուծման միակողմանի ձևակերպումներով»,- ընդգծեց Վ. Տեր-Մաթևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը