Դ. Ջամալյան. Հայաստանից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի խախտմամբ զենք չի արտահանվել
«Հայաստանից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի խախտմամբ զենք չի արտահանվել»,- մեկնաբանելով «Wikileaks» կայքի հրապարակած գաղտնի փաստաթղթերը, այս մասին «Թերթ.ամ» լրատվական կայքին հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Պատասխանելով այն հարցին, թե «Wikileaks» կայքը հրապարակել է հազարավոր գաղտնի փաստաթղթեր, որոնց մեջ հիշատակում կա նաև միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրան զենքի արտահանման և Իրանքում դրա օգտագործման վերաբերյալ: Արդյո՞ք Հայաստանը կարող է ենթարկվել միջազգային կամ միակողմանի պատժամիջոցների՝ ռազմական փորձագետը նշել է.
«Անկախացման տարիներից ի վեր ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում զենքի և զինամթերքի արտահանման հսկողության համակարգին մշտապես առաջադրվել են առավել խիստ պահանջներ: Չի արձանագրվել գեթ մի դեպք, երբ մեր երկրից արտահանվի զենք և զինամթերք` խախտելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով կիրառված պատժամիջոցները»:
Անդրադառնալով այն հարցին, թե իրավական առումով ինչպե՞ս է կարգավորվում զենքի ու զինամթերքի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից: Արդյո՞ք գոյություն ունեցող օրենսդրական դաշտը համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ Դ. Ջամալյանը նշել է. «Ոլորտի օրենսդրական կարգավորումը պարբերաբար վերանայվում է` նպատակ ունենալով ստեղծել արտահանման հսկողությանն առնչվող խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ: Օրենսդրական բարեփոխումների և արտահանման հսկողության հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետությունը մշտապես սերտորեն համագործակցել է ԱՄՆ-ի, գործընկեր այլ երկրների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ, որը նպատակ ուներ նաև ստանալ նշված երկրների և կառույցների փորձագետների աջակցությունը ՀՀ համապատասխան գերատեսչությունների կողմից մշակված օրենսդրական ակտերի փորձաքննության հարցում»:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից արտահանված ռազմական նշանակության արտադրանքը ներմուծող երկրից այլ երկրներ արտահանելուն, ապա Դ. Ջամալյանը նշեց, որ այս ուղղությամբ Հայաստանում ևս կիրառվում է միջազգային լավագույն փորձը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը