Թուրքագետ. Ադրբեջանի ուժային համակարգում ձևավորում է թուրքամետ, ազգայնական, թուրքակենտրոն սպայական տարր
Թուրքիան տարբեր կերպ ցանկանում է Ադրբեջանի ուժային համակարգում լուրջ ազդեցություն ու լծակներ ձեռք բերել: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Նրա խոսքով, այսօր Թուրքիայի ռազմական ուսումնական հաստատություններում տարբեր ծրագրերով կրթություն են ստանում, վերապատրաստվում են ադրբեջանցի սպաներ, Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացվում է ռազմատեխնիկա, ֆինանսական միջոցներ, իրականացվում են խորհրդատվական բնույթի միջոցառումներ` ադրբեջանական բանակը արդիականացնելու համար, Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականը թուրք է: Նա նաև ասաց, որ վերջին տարիներին Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմաարդյունաբերության ոլորտում սկսվել է համագործակցություն: Փորձագետը չբացառեց, որ ռազմաարդյունաբերության համագործակացության քողի տակ Թուրքիան ռազմատեխնիկա է մատակարարում Ադրբեջանին:
«Այս ամենի արդյունքում այսօր Ադրբեջանի զինվորական ուժերում ձևավորվում է երիտասարդ ու միջին սերնդի սպայական կազմ, որը սերտ կապեր է ունեցել թուրք գործընկերների հետ, վերապատրաստվել է Թուրքիայում, հետևաբար` ունեն թուրքամետ, ազգայնական ուղղվածություն, տրամադրություն: Այսինքն, Թուրքիան նման կերպ Ադրբեջանի ուժային համակարգում ձևավորում է թուրքամետ, ազգայնական, թուրքակենտրոն սպայական տարր, ինչը, բնական է, հետագայում Թուրքիայի համար կառավարելի կդարձնի ադրբեջանական բանակը»,- ասաց բանախոսը:
Ըստ փորձագետի, այն, որ Թուրքիան անմիջական վերահսկողություն է սահմանում ադրբեջանական բանակի վրա, Հայաստանի համար վտանգավոր է: «Ըստ որոշ տեղեկությունների, թուրք, ադրբեջանցի փորձագետներն իրենց խոսքում հաճախ նշում են, թե իբր երկու երկրների միջև գաղտնի պայմանագիր կա, ըստ որի` Ադրբեջանն առանց Թուրքիայի հավանության չի կարող ռազմական գործողություններ սկսել»,- ասաց Լևոն Հովսեփյանը: