«ՀՀ դիրքորոշումը զերծ է պահել մեր երկիրը տարաբնույթ դիվանագիտական բարդություններից»
«Որևէ լուրջ փորձագիտական վերլուծություն կատարելու համար հարկավոր է ձեռքի տակ ունենալ անհերքելի փաստեր և անառարկելի փաստարկներ: «WikiLeaks»-ում տեղ գտած նյութերին առնչվող ցանկացած մեկնաբանություն կատարելիս պետք է հանդես բերել զգուշավորություն` սիրողական մակարդակի դատողություններից խուսափելու համար»,- անդրադառնալով պարբերականներից մեկի հրապարակած այն տեղեկատվությանը, թե «լավատեղյակ աղբյուրների համաձայն` առկա են անհերքելի ապացույցներ, որ վրաց-ռուսական պատերազմի ժամանակ մի քանի անգամ արձանագրվել են դեպքեր, երբ ռուսական կործանիչները Վրաստանի տարածք են մտել և ռմբակոծել Հայաստանի տարածքից:
Հենց այդ պատճառով էլ իրականում Վրաստանի իշխանությունները բավականին տևական ժամանակ արհամարհել են իրենց հայաստանցի կոլեգաներին»՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքերով՝ հայտնի է, որ Հայաստանի դիրքորոշումը 2008-ի հայտնի իրադարձությունների ժամանակ եղել է զուսպ և հավասարակշված, ինչն էլ զերծ է պահել մեր երկիրը տարաբնույթ դիվանագիտական բարդություններից, իսկ «WikiLeaks»-ում տեղ գտած տեղեկությունը ուղղակիորեն փաստում է այդ ուղղությամբ մեր երկրի իշխանությունների գործադրած ջանքերի մասին և ոչինչ չի ասվում վերոնշյալ պարբերականում տեղ գտած տեղեկատվության մասին:
«Արդյո՞ք վրացական իշխանությունները ուշ են արձագանքել, թե` ոչ, եթե այո, ապա ի՞նչ պատճառով. սրանք հարցեր են, որոնց իրական պատասխանը գտնելը շատ բարդ է, մինչդեռ սրանց հետ կապված սենսացիոն վարկածներ առաջ քաշելը ընդհակառակը` շատ հեշտ, միաժամանակ անպատասխանատու:
|
Ի դեպ. վրաց-ռուսական պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտում հայտնվեցին ակնհայտ ադրբեջանական ծագմամբ ապատեղեկատվություններ: Դրանցից թերևս ամենանշանակալին այն էր, թե իբր ռուսական օդուժը ռմբակոծել է Վրաստանը մեր երկրի տարածքից: Այստեղ միտումը ակնհայտ էր. վատթարացնել հայ-վրացական հարաբերությունները, ինչը անխուսափելիորեն կհանգեցներ Հայաստանի համար կոմունիկացիոն բարդությունների: Սույն թեզը խոցել էր իր անտրամաբանականությամբ. ի՞նչ նպատակահարմարությունից ելնելով պետք է Ռուսաստանը սեփական տարածքը թողած օգտագործեր մեր երկրի տարածքը և ի՞նչ տրամաբանությամբ ՀՀ իշխանությունները պետք է համաձայնեին դրան: Այս հարցերին փաստարկված պատասխան տալ հնարավոր չէ»,- նշեց Դ. Ջամալյանը:
Նրա կարծիքով, «WikiLeaks»-ի թեման դեռ երկար է պահպանելու իր ակտուալությունը տեղեկատվական դաշտում, հետևաբար բացառված չէ, որ առաջիկայում մենք ականատես լինենք գաղտնազերծված փաստերը էլ ավելի սենսացիոն դարձնելու փորձերի, որոնց մեղմ ասած պետք չէ վստահել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը