«Եղանակային պայմանները չեն կարող երկրաշարժի պատճառ դառնալ»
«Երկրաշարժերը հետևանք են այնպիսի երկրաբանական գործընթացների, որոնք Հայաստանում տեղի են ունենում 5-25 կմ խորության վրա, և մթնոլորտային ջերմաստիճանը չի կարող ազդել երկրաբանական գործընթացներ վրա: Մի խոսքով, եղանակային լավ պայմանները չեն կարող երկրաշարժի պատճառ դառնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը:
Նրա խոսքով, Հայաստանի երկրաշարժավտանգ տարածքներում համարյա ամեն օր տեղի են ունենում շատ թույլ երկրաշարժեր: «Այս տարի Հայաստանում գրանցվել է շատ թույլ 33 երկրաշարժ: Այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի քիչ երկրաշարժ է գրանցվել»,-ասավ նա և հավելեց, որ այս տարի անհանգստացնող երկրաշարժեր են գրանցվել միայն Ջերմուկում և Գառնիում:
Ա. Անտոնյանի խոսքով, աշխարհում երկրաշարժի կանխատեսման խնդիրը դեռևս լուծված չէ: «Այսօր ոչ մեկը չի կարող ասել, երբ, որտեղ և ինչ ուժգնությամբ երկրաշարժ կգրանցվի»,- ասաց նա:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետը նշեց, որ Հայաստանը ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման հարցում առաջատարներից մեկն է: «Մենք մշակել ենք ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման հզոր համակարգ»,- ասաց նա:
Ա. Անտոնյանը հայտնեց, որ Հայաստանի համար մշակվել է սեյսմիկ անվտանգության հայեցակարգ, իսկ հայեցակարգին համապատասխան մշակվել է նաև բնակչության և կառավարման մարմինների ուսուցման ռազմավարություն, որն այժմ գտնվում է քննարկման փուլում: