Մելքումյան. Սպիտակի երկրաշարժից մենք 100 տոկոսով դասեր չենք քաղել
1988-ին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը շատ դասեր է տվել, բայց մասնագետները համարում են, որ այդ դասերը 100 տոկոսով ոչ ընկալվել են, ոչ էլ ընդունվել: «Ես պետք է ասեմ, որ այդ դասերն ավելի շատ քաղել են մասնագետները և ոչ թե մեր պետական այրերն ու այն մարմինները, որոնք կոչված են ապահովելու սեյսմիկ անվտանգությունը»,-այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, 10 միջազգային կենտրոնների ասոցիացիայի ընտրված անդամ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը:
Մասնագետը հիշեցրեց, որ Հայաստանը գտնվում է չափազանց սեյսմավտանգ գոտում, ու 88-ի երկրաշարժն ու դրա հետևանքները չպետք է մոռացվեն: «Մենք ունենք ահավոր ծանր ժառանգություն, որ ստացել ենք ԽՄ-ից: Կենտրոնական կառավարությունն այն ժամանակ առանձնապես ուշադրություն չէր դարձնում Հայաստանի վրա, որովհետև Հայաստանը մի կետ էր ամբողջ Սովետական տարածքի համար»,-ասաց Մելքումյանը, նշելով, որ կառավարությունն այն ժամանակ հակված չէր մեծ ծախսեր անել Հայաստանում սեյսամակայուն շենքեր կառուցելու համար: Իսկ այսօր մենք այդ իրավունքը ուղղակի չունենք:
«Մենք այսօր պետություն ենք, ազգ ենք, որ պարտավոր է մտածել իր անվտանգության, այդ թվում և սեյսմիկ անվտանգության համար: Ցավոք սրտի, ես այսօր չեմ կարող ասել, որ բավականին պատրաստ ենք այդ ուղղությամբ»,-գնահատեց պրոֆեսորը, միաժամանակ ընդունելով, որ այդ ուղղությամբ բավականին մեծ քայլեր արվել են: Այսօր մշակված ու պատրաստ են սեյսմիկ նորմերը, ուղղակի շենքերը պետք է նախագծվեն դրանց համապատասխան: Այդ դեպքում, ըստ մասանագետի, շենքերը բնական աղետի դեպքում կլինեն հուսալի:
«Անհնարին ոչինչ չկա, միայն պետք է կառուցել գրագետ, նախագծել ու հաշվարկել գրագետ ու ճիշտ: Այդ ժամանակ մենք կարող ենք հանգիստ քնել»,-ասաց Մելքումյանը, ավելին, ճիշտ նախագծով կառուցած շենք, մասնագետը չի վարանում սեյսմաանվտանգ կոչել:
Մասնագետների արած հաշվարկների ու հետազոտությունների արդյունքների համաձայն, Երևանում կա 41 հազար շենք ու շինություն: Դրանցից 30-32 հազարը սեփական տներ են, այդ թվում հին շինություններ, որոնք առանց որևէ նորմերի են կառուցվել, դրանից հետո էլ այսպես ասված կապիտալ շինարարություն է մեկնարկում` մոտ 7 հազարի է հասնում դրանց թիվը: «Բոլոր այդ շենքերն արդեն սպառել են իրենց կյանքը»,-ասաց մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը