Դ.Ջալնև. «ԵԱՀԿ-ն պայքարում է կիբեր-ահաբեկչության դեմ, ինչը տալիս է շոշափելի արդյունքներ»
Քիչ առաջ Երևանում մեկնարկեց կիբեր-անվտանգության ոլորտում մարտահրավերների քննարկմանը նվիրված կոնֆերանսը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ ահաբեկչության դեմ գործունեության ԵԱՀԿ բաժնի ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ:
Մասնագետների քննարկման առարկա առաջիկա երկու օրերին կլինեն կիբերանվտանգության համապարփակ ուժեղացման ուղիները, համացանցի ահաբեկչության նպատակներով օգտագործման, կիբեր հանցանքների և այլնի վտանգներն ու սպառնալիքները:
Իր ելույթում ահաբեկչության դեմ գործունեության ԵԱՀԿ կառույցի ներկայացուցիչ Դիմիտար Ջալնևը ներկայացրեց առկա մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ի հայտ են եկել հատկապես օրեցօր զարգացող տեխնոլոգիաների հետ, ընդգծելով, որ դրանց զուգահեռ ավելանում են նաև ահաբեկիչների` հատկապես կիբեր-ահաբեկիչների, հնարավորությունները:
«Կիբեր հանցագործները մեկը մյուսից դասեր են քաղում ու հաճախ գործում միասին»,- իր ելույթում նկատեց Դ.Ջալնևը, ավելացնելով, որ սրանց դիմագրավելու համար ԵԱՀԿ անդամ երկրները հատուկ պայմանավորվածություն ունեն:
Հիմնական ուղղությունները հետևյալն են` պայքար ինտերնետ- ահաբեկչության դեմ, մասնավոր-հանրային գործընկերության միջոցով պայքար ահաբեկչության դեմ, երեխաների սեռական շահագործման դեմ պայքարն ինտերնետում և այլն:
Նա նաև ներկայացրեց, թե ի՞նչ է ԵԱՀԿ-ն արել մինչ օրս, ունենալով նման լիազորությունների լայն շրջանակ:
Տարիների ընթացքում ԵԱՀԿ գործունեությունը փոփոխվել է` սպառնալիքի էվոլյուցիային համաքայլ և եթե սկզբում հիմնականում շեշտը դրվում էր ինտերնետ-ահաբեկչության դեմ պայքարին, ապա վերջին շրջանում առաջադրված միջոցառումներում օրակարգային է դարձել կիբեր-անվտանգությանն ավելի ամբողջական մոտեցում կիրառելը:
«Սպառնալիքները, որոնք բխում են կիբեր տարածությունից, կարող են ավելի նվազեցվել, եթե լինի ամբողջական մոտեցում, որ ապահովում է Ազգային անվտանգությունը, որ արգելակում է ահաբեկչի կողմից ինտերնետի օգտագործումը, սակայն մյուս կողմից էլ ապահովելով մարդկանց ինտերնետից ազատ օգտվելու հնարավորությաւնը»,- ելույթում նշեց ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Եվ այս մոտեցումը վերջերս, նրա իսկ գնահատմամբ, բավականին շոշափելի արդյունքներ է տալիս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան