
Աշխարհը հասկացել է, որ Հայաստանն անմեղ ու խաղաղ գառնուկ չէ. Լ. Մելիք-Շահնազարյան
Աստանայի գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ նույն վայրում ստացավ համարժեք պատասխան ՀՀ կողմից: Աստանայում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ցույց տվեց, որ Հայաստանը խաղաղ գառնուկ չէ ու կարող է անել այնպես, ինչպես ինքն է ուզում, ինչպես բխում է իր շահերից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
«Ադրբեջանի սպառնալիքներն ավելի շատ վախեցնում էին աշխարհին, քան մեզ: Իսկ մենք, երբ համարժեք չէինք պատասխանում, աշխարհը կենտրոնոնում էր Ադրբեջանին հանգստացնելու, խաղաղացնելու վրա, այլ ոչ թե մեզ վրա: Սակայն այժմ` նախագահի ելույթից հետո, աշխարհը հասկացավ, որ պետք է սիրաշահի ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Հայաստանին, քանի որ այս պետությունն էլ կարող է վնասել իրենց, ինչպես Ադրբեջանը: Այսինքն` հասկացան, որ Հայաստանն այն անմեղ ու խաղաղ գառնուկը չէ, որին կարելի է պահել ու մտածել` երբ կարելի է սրա հարցը լուծել այս կամ այն ձևի, հասկացան, որ Հայաստանն էլ է դանակավոր ու կարող է անել այնպես, ինչպես ինքն ուզենա, ինչպես իր շահերն են պահանջում»,- ասաց քաղաքագետը:
Խոսելով Աստանայում ստորագրված հնգակողմ հայտարարության մասին` Լ. Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահի ելույթը հենց այդ հայտարարության արձագանքն էր. «Մինչև ելույթ ունենալը, Ալիևը հասցրել էր նեղանալ Եվրոպայից, քանի որ արդեն ընդունվել էր այդ հայտարարությունը, որը ձեռնտու չէր Ադրբեջանին, քանի որ այս կամ այն սահմաններում խոսքը ուղղակի գնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին»:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր մասում է խոսք գնում ԼՂՀ անկախության ճանաչման մասին` քաղաքագետը բացատրեց.
«Փաստաթղթում հստակ նշված է երեք սկզբունք, որի վրա պետք է հիմնված լինի արցախյան հարցի լուծումը` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք: Ինքնորոշման իրավունքը բոլոր փատաթղթերում սահմանափակված չէ, այսինքն` այս կամ այն չափով ինքնորոշում չկա: Եթե այդ իրավունքը նշված է, նշանակում է, որ խոսքը գնում է միայն ու միայն անկախության մասին»:
Լրահոս
Տեսանյութեր





