Փրկարար ծառայության տնօրենին այսօր կհանձնվի ՌԴ Նախագահի շքանշանը
Այսօր Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ Նախագահի հրամանագրով «Բարեկամության» շքանշան կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին:
Այս մասին հայտնեցին ԱԻն արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Այս տարի օգոստոսի 5-ից 15 օր շարունակ 28 հայ հրշեջ-փրկարարներ օրուգիշեր աշխատեցին Ռուսաստանում` պայքարելով անտառային հրդեհների դեմ: Փրկվեցին անտառատարածքներ և ամբողջական գյուղեր: Հայ հրշեջ-փրկարարները հայրենիք վերադարձան մեդալներով ու շնորհակալագրերով, իսկ Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հատուկ շնորհակալություն հայտնեց հայ հրշեջ-փրկարարներին` փորձության պահին իրենց երկրին օգնելու համար:
Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում` Կրեմլի Եկատերինյան դահլիճում անձամբ Դմիտրի Մեդվեդևից «Արիության համար» շքանշան ստացավ հայ հրշեջ-փրկարարների խմբի ղեկավար, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը: