Wikileaks. Քաղաքական հարցերում Մեհրիբան Ալիևան բավականին թույլ է
Բրիտանական «Guardian» թերթը շարունակում է հրապարակել Wikileaks-ի սկանդալային բացահայտումներն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության, իշխող կլանների ու ներքաղաքական դասավորվածության մասին ԱՄՆ դիվանագետների տպավորությունների մասին:
Հրապարակված փաստաթղթերի նոր փաթեթը թվագրված է 2010 թ-ի հունվարի 27-ին Դոնալդ Լուի կողմից, որտեղ վերջինս անդրադարձել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային, ու վերջինիս գործունեությանը:
Նամակում, մասնավորապես, ասված է, թե Ադրբեջանի նախագահի տիկինը երկրի խորհրդարանում հավատարմագրված լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն ճանաչվել է 2009 թվականին օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկող ամենաակտիվ պատգամավորը: Դիվանագետը տարակուսում է այս առումով, թե դեսպանատան դիտորդական խումբը, որն մասնակցել է խորհրդարանի բոլոր նիստերին, երբեք չի տեսել Ալիևային խորհրդարանում, որի գործունեությունն, ի դեպ ըստ բնորոշման, կարգավորվում է նախագահական նստավայրից:
Նամակում Լուն նշում է, թե 2008 թ-ին Ալիևան ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքական հարցերի բերաբերյալ թույլ տեղեկացվածություն է դրսևորել, մինչդեռ վստահաբար պատասխանել է միայն «Հեյդար Ալիև» հիմնադրամի գործունեության հետ կապված հացերին, որի տնօրենն էլ հենց ինքն է: