Արմեն Մովսիսյան. Հայաստանում ուրանի հաստատված պաշարներ չկան
Հայաստանում ուրանի հաստատված պաշարներ չկան։ Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա, ներկայումս ուրանի պաշարների ուսումնասիրության ուղղությամբ իրականացվում են երկրաբանահետախուզական աշխատանքներ` հասկանալու, թե Հայաստանում նման ուրանի պաշարներ կա՞ն, ևեթե այո՝ ի՞նչ քանակությամբ: Նրա խոսքերով, հետազոտության արդյունքները հայտնի կդառնան 2011 թ.-ի վերջում։
Ա.Մովսիսյանը նշեց, որ եթե պաշարներ լինեն, ապա դրանից հետո հնարավոր կլինի պարզել, թե որքանո՞վ արդյունավետ է ուրանի արդյունահանումը:
«Եթե տնտեսապես արդյունավետ կլինի, ապա պետք է որոշել այն տեխնոլոգիան, որը հնարավորություն կտա մինիմալ ազդեցություն թողնել արդյունահանման պրոցեսի ժամանակ շրջակա միջավայրի վրա: Եթե նման տեխնոլոգիաներ կլինեն տվյալ տեսակի ուրանի արդյունահանման համար, ապա պետությունը կգնա դրան, իսկ եթե ոչ, ապա ինչ արդյունահանման մասին կարող է խոսք լինել»,- ասաց նախարարը: