Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում հագեցվել է նաև բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով:
Կենտրոնում աշխատանքներ են իրականացվել ղեկավար անձնակազմի վերապատրաստման, հիվանդանոցի կառավարման ժամանակակից սկզբունքների և համակարգերի ներդրման ուղղությամբ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1,078,602,000,0 դրամ (շուրջ 2 մլն. 900 հազար ԱՄՆ դոլար):
2009թ. դեկտեմբերից մինչ այժմ արդիականացման աշխատանքներ են իրականացվել ևս չորս մարզային` Հրազդանի, Իջևանի, Արմավիրի, Արարատի բժշկական կենտրոններում` նպատակ ունենալով նպաստել հիվանդանոցային բուժօգնության մատչելիության աճին` տեղում բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցմամբ նվազեցնելով մարզերից Երևան հիվանդների հոսքը:
Գորիսի բժշկական կենտրոնում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է իրականացված աշխատանքին և դրա արդյունքում բուժհաստատությունում ստեղծված պայմաններին, օպտիմալացման ու ներդրումային ծրագրերին:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում nախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա:
Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան