Խախտումներ նաև բնապահպանության նախարարությունում. Գործեր են պատրաստվում գլխավոր դատախազություն ուղարկելու համար
Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում խոշոր խախտումներ են բացահայտվել նաև բնապահապանության նախարարության մի շարք ստորաբաժանումներում:
2008-09 թթ. ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության գործունեության ուսումնասիրության արդյունքում վերահսկողական ծառայությունը պարզել է, որ 541 ջրօգտագործման թույլտվության որոշումներում առկա են օրենսդրության մոտ 250 խախտում:
Օրինակ, խմելու և կենցաղային նպատակով օգտագործման թույլտվությունների գերակշիռ մասը տրամադրվել է առանց հակահամաճարակային փորձաքննության եզրակացության, խախտվել են ջրօգտագործման թույլտվության հիմնական պայմանները: Այսօր ներկայացնելով հանրապետության նախագահի վերհսկողական ծառայության գործունեության տարեկան հաշվետվությունը, նման տվյալներ ներկայացրեց ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Պարզվել է չկան, անհրաժեշտ ջրաչափական սարքավորումները, իսկ ջրօգտագործողը արդյունքում հանում է անհայտ ծավալի ջուր: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան արտեզյան ավազանը շահագործվում է անխնա կերպով, ինչի հետևանքով էլ այն ամբողջապես գտնվում է էկոլոգիապես վատ վիճակում:
Չնայած առկա է կառավարության որոշում, որի համաձայն 2008-ի օգոստոսի 26-ից չպետք է տրամադրվի ջրօգտագործման թույլտվություններ, սակայն այդ որոշումից հետո վերոնշյալ գործակալությունը տրամադրել է 46 թույլտվություն` 76 խորքային հորերի հորատման համար, ընդ որոշում բոլոր հորատանցքները կառուցվել են առանց երկրաբանական համապատասխան նախագծերի:
Արձանագրվել են դեպքեր, երբ ջրօգտագործողները մի քանի անգամ ավել ծավալով ջուր են օգտահանել, քան նախատեսված է իրենց տրամադրված թույլտվության որոշմամբ: Արձանագրվել են նաև ապօրինի ջրօգտագործման դեպքեր: «Նախարարը ժամանակացույց է ուղարկել մեզ, սակայն ժամանակացույցից նրանք հետ են ընկել, չեն կատարում»,-ասաց ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանը:
Առավել աղաղակող են բնապահպանական տեսչության խախտումները: Վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է տեսչության 2009-ն ամբողջությամբ և 2010 թվականի առաջին երեք ամիսների գործունեությունը: Պարզվել է, չեն ստուգվել տնկարաններն ընդհանրապես, բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա բազմաթիվ խախտումներ տեսչության կողմից չեն արձանագրվել, խախտումներին էլ սխալ ձևակերպումներ են տրվել: «Տեսչության կողմից արձանագրված ապօրինի ծառահատումների հետևանքով պետությանը հասցված 165 մլն դրամից ընդամնեը 10 մլն դրամն են վերականգնել`ընդամնեը 6.1 տոկոս: Թվով 45 գործեր` 56 մլն դրամ ընդհանուր գումարով չեն ուղարկվել իրավապահ մարմիններին, որոնք պարտավոր էին ուղարկել»,-ասաց վերահսկողական ծառայության ղեկավարը, ավելացնելով, որ դրանք քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ են, մինչդեռ իրավապահ մարմիններին չուղարկվելու հետևանքով հարուցված գործեր չկան:
Նույնիսկ անտառապետեր կան, որոնք վարչական պատասխանտվության էլ չեն ենթարկվել: «Ստացվում է, որ այս մարդիկ ազատվել են և քրեական, և վարչական պատասխանատվությունից: Այս բոլոր գործերը նախապատրաստվում են գլխավոր դատախազություն ուղարկվելու համար»,-ասաց Հ. Հովսեփյանը:
Նրա ներկայացրած տվյալներով, 2009-2010 թվականներին անտառօգտագործման ոլորտում հայտնաբերված 465 խախտումներից ընդամենը 46-ն /10 տոկոս/ է հայտնաբերել ԲՆ այդ տեսչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան