
Վաղվանից կտուգանվեն հաշվառված և ԱՊՊԱ պոլիս չունեցող մեքենաները
Արդեն 10 օր է, ինչ Հայաստանում ուժի մեջ է մտել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) մասին օրենքը:
Հիշեցնենք, որ համաձայն ԱՊՊԱ օրենքի հունվարի մեկից սկսած ԱՊՊԱ պոլիս չունեցող վարորդները տուգանվում են 50 հազ. դրամով:
Իսկ արդեն վաղվանից ուժի մեջ կմտնի տուգանքի մեկ այլ տեսակ՝ նախատեսված հաշվառված և ԱՊՊԱ պոլիս չունեցող մեքենաների համար: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի PR մենեջեր Արմինե Հակոբյանը:
«Մինչեւ հունվարի 10-ը տուգանքներ չեն գանձվի այն մեքենաների համար, որոնք ապահովագրված չեն և չեն օգտագործվում: Դրանց նկատմամբ տուգանքները կգործեն վաղվանից: Հաշվառված և ԱՊՊԱ պոլիս չունեցող մեքենաների վարորդներին ոստիկանությունը 10 օրը մեկ կտուգանի 5 հազար դրամով, բայց ոչ ավելի քան տարեկան 50 հազար դրամ: Գործընթացը սկսելու համար ոստիկանությունն արդեն ունի տվյալների համապատասխան բազա»,- ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի PR մենեջեր Արմինե Հակոբյանը:
ՀՀ ԿԲ հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ գործընթացն ընթանում է ակտիվ տեմպերով և դեկտեմբերի 31-ի ԿԲ-ի տվյալների համաձայն, ԱՊՊԱ ենթակա շուրջ 430 հազար ավտոտրանսպորտային միջոցներից ապահովագրված են մոտ 170 հազարը (40%):
Լրահոս
Տեսանյութեր



