ՏՄՊՊՀ-ն կուսումնասիրի` ձվի դեֆիցիտը պայմանավորված էր տնտեսական գործոններով, թե` ոչ
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի կողմից որոշում կկայացվի, ըստ որի կհավաքագրվեն ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված բոլոր այն տվյալները, որոնք վերաբերում են նախատոնական օրերին հավկիթի ավելի թանկ գնով վաճառելուն:
Ինչպես Panorama.am-ին հայտնեց Հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը, Ամանորից առաջ ձվի արտադրությամբ զբաղվող գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներից կատարվածի վերաբերյալ ստացել են օպերատիվ ոչ պաշտոնական տվյալներ: Նրանք հավաստիացրել են, որ արտադրված ամբողջ հավկիթներն ուղարկվել է շուկա և պահեստավորված ձու չունեն, այսինքն` ամբողջ հզորությամբ աշխատում են և որքան արատադրում են, այնքան էլ ուղարկում են շուկա:
«Նրանք պատճառաբանել են, որ իրենք որևէ կապ չունեն հավկիթի գների բարձրացման հետ և ամբողջ վաճառքն իրականացնում են էժան գներով` 44-53 դրամով, իսկ թանկ գները ձևավորվում են սև շուկայում, գների բարձրացումը կապված է միջնորդների հետ, որոնք էլ նման իրավիճակ են ստեղծում շուկայում հավկիթի արհեստական դեֆիցիտ ստեղծելու ու այն նախատոնական օրերին թանկ գնով վաճառելու նպատակով»,- ասաց Ա.Սահակյանը:
Նրա խոսքերով, որոշումը կայացնելուց հետո` 1-2 օրվա ընթացքում տնտեսվարողներից կստանան պաշտոնական տվյալներ, փաստաթղթեր, ինչը հնարավորություն կտա ստեղծված իրավիճակի պատճառներն ուսումնասիրել: «Կվերցնենք տեղեկություններ մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ: Երբ տեղեկությունները լինեն, այն հնարավորություն կտա մեր վերլուծաբաններին որոշակի եզրահանգումների գալ, թե արդյո՞ք դեֆիցիտը պայմանավորված էր տնտեսական գործոններով, թե` ոչ»,- նշեց խոհրդականը:
Ըստ նրա, օրենքով ընկերությունները կարող են մեղավոր լինել, եթե արհեստական դեֆիցիտ են ստեղծել, իսկ եթե ասենք արտադրվել է 1 մլն ձու և ամբողջն ուղարկվել է շուկա, բայց պահանջարկը եղել է 2 մլն, ապա ընկերությունը մեղավոր չէ, քանի որ պահանջարկն ավելի շատ է եղել: «Սակայն, եթե արտադրվել է 1 մլն ձու և դա չի վաճառվել, այլ պահվել է պահեստում և 100 հազարն է վաճառքի հանվել, որպեսզի արհեստական դեֆիցիտ ստեղծվի, ապա նրանք մեղավոր կճանաչվեն»,- ընդգծեց Ա.Սահակյանը:
Այդուհանդերձ, ըստ Ա.Սահակյանի, իրավիճակի ուսումնասիրությունից հետո միայն պարզ կլինի նախատոնական օրերին ձվի շուկայում առաջացած աժիոտաժի պատճառը:
Նշենք, որ Սպառողների ասոցիացիայի մոնիտորինգի եւ մարքեթինգի հետազոտությունների բաժնի պետ Ֆրունզ Հայթյանը դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ ձվի դեֆիցիտը կանխատեսելի էր դեռ ամռան ամիսներին, երբ ձուն վաճառվում էր ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գներով: «Շուկայական տնտեսության օրենքներից ելնելով` շատ արտադրողներ այս հանգամանքի պատճառով մղվեցին դուրս, չէին կարողանում գոյատևել, այնպես որ պատահական չհասանք այս օրին»,- ասել է Ֆ.Հայթյանը:
Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստան է ներկրվել հավկիթ` Ամանորի նախօրեին ձվի պահանջարկը բավարարելու նպատակով: Ա.Սահակյանը տեղեկացրեց, որ ներկրողներից մեկն էլ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն է, որի արդյունքում դեկտեմբերի 30-31-ին որոշակիորեն մեղմել է իրավիճակը և իր դրական ազդեցությունն է թողել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան