Կադրային ջարդ քաղաքապետարանում. Կառուցվածքային փոփոխությունները դեռ առջևում են
Երևանի քաղաքապետարանում պաշտոններին հունվարի 11-ին իրենց դիմումի համաձայն հրաժեշտ են տվել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխությունները դեռ առջևում են:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Հիշեցնենք, որ իր դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Համլետ Մարգարյանը: Այսօր արդեն նոր ղեկավար Էդուարդ Մուշեղյանն անցել է գործի:
«Կադրային որևէ փոփոխություն ինքնանպատակ չէ և պայմանավորված է աշխատանքի արդյունավետության անհրաժեշտությամբ», -մեզ հետ զրույցում նկատեց Շուշան Սարդարյանը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ տան Երևանի այլ վարչական շրջանների ղեկավարներ, Սարդարյանը պատասխանեց, որ առայժմ նման խնդիր չկա:
Ինչ վերաբերում է թափուր մնացած պաշտոններում նոր նշանակումներին, ապա դա, մամուլի քարտուղարի խոսքով, կարգավորվում է «Համայնքային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում, այդ պաշտոնը կարող է զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող համապատասխան պահանջները բավարարող անձը: Նշյալ կադրերի ռեզերվը վարում է տարածքային կառավարման նախարարությունը: «Քաղաքապետարանն արդեն դիմել է Տարածքային կառավարման նախարարությանը այդ խնդրով: Ըստ գործող կարգի, յոթ աշխատանքային օրերի ընթացքում կտեղեկացվի արդյունքների մասին», -հավելեց մեր զրուցակիցը:
Նա նաև տեղեկացրեց, որ ներկայումս մշակվում է քաղաքապետարանի աշխատակազմի նոր կառուցվածքը, որը կներկայացվի ավագանու դատին: Իսկ դա, ըստ Սարդարյանի, ենթադրում է քաղաքապետարանում կառուցվածքային նոր փոփոխություններ և լրացումներ:
Հիշեցնենք, որ Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետ ընտրվելուց հետո տված ճեպազրույցում հայտարարել էր, որ «կադրային ինչ-որ ջարդ, կադրային ցեղասպանություն չի լինի»: