Գ. Այվազյան. Եթե ադրբեջանցիներն ինձ առաջարկեին Բաքվի գեներալ-նահանգապետի պաշտոնը, կհամաձայնվեի
Ադրբեջանահայերի միությանը հաջողվել է անել այն, ինչից Ադրբեջանը խուսափում էր ու վախենում էր երկար տարիներ` փորձելով մոռացության տալ սեփական երկրում եթնիկ հայ քաղաքացիների նկատմամբ դաժան ցեղասպանության իրագործման փաստը: Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, իրենք կարողացել են թե միջազգային, թե հայաստանյան տարբեր մակարդակներում վերակենդանացնել ադբեջանահայության հիմնահարցը, որը բանալի է ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծման հարցում: Իսկ Ադրբեջանը, ինչպես նա նշեց, երկար տարիներ խուսափում էր այդ քայլից:
Բացի այդ, բանախոսը նշեց, որ Ադրբեջանի մամուլի միջոցով իրեն առաջարկել են Ղարաբաղի գեներալ-նահանգապետի պաշտոնը ստանձնել: Այդ առաջարկը Գ. Այվազյանի համար անընդունելի է ու ծիծաղելի, քանի որ ադրբեջանցի թուրքերը սովոր են ուրիշներին առաջարկել այն, ինչ նրանց չի պատկանել, չի պատկանում և չի պատկանելու:
«Իսկ եթե նրանք առաջարկեին Բաքվի գեներալ-նահանգապետի կոչումը, միգուցե այս պարագայում ես կհամաձայնեի: Բացի այդ, մենք տեղեկություններ ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է խոշոր ռազմական սադրանք կազմակերպել: Փորձելով ցույց տալ, թե իբր իրենք ժողովրդավարական երկիր են, փորձում են նախագահին ժամանկավորապես փոխել նրա կնոջով»,-ասաց նա:
Գ. Այվազյանը նշեց, որ եթե Ադրբեջանը գնա նման քայլի ու նախագահական ընտրություններում առաջադրվի Ալիևի կնոջ թեկնածությունը, նա նույնպես իր թեկնածությունը կառաջադրի: