Հրայր Թովմասյանը չի սպասել լրանա 100 օրը. Արդարադատության նախարարությունը բաց է աշխատելու
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր պաշտոնում աշխատել է ընդամենը քսան օր, չի սպասել լրանա նախարարի պաշտոնում իր հարյուր օրը և այսօր լրագրողներին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի առաջիկա ծրագրերն ու անելիքները: Նախ հայտարարեց, որ նախարարությունը զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատելու է բաց ու թափանցիկ ու հետո շնորհակալություն հայտնեց. «Ինձ սվիններով չընդունեցին, թեպետ իմ ընկերներն ասացին, որ դա ժամանակավոր բնույթ ունի»:
Հիշեցրեց, որ այս պաշտոնում իր նշանակման հետ կապված հասարակության մի մասը դրական հույսեր ունի, իսկ որոշ մասն էլ թշնամաբար է տրամադրված եղել: «Ես հակված եմ իրականացնելու առաջին խմբի սպասումները», -հավելեց արդարադատության նախարարն ու նկատեց, որ այս համակարգում կարճաժամկետ լուծումներ չեն լինելու. Դրանք լինելու են համակարգային: